Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտն» ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում՝ չկարողանալով նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երրորդ տուրում երևանյան ակումբը 6։2 հաշվով հաղթել է հունական «Դուկասին»:

«Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Էլիսանդրոն և Պուտրուս Վասիլևը։ Մեկական գոլ են խփել Միհրան Դերմենջյանը և Գարեգին Մաշումյանը։

6-րդ խմբի նախորդ երկու խաղերում հայկական ակումբը 0:2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին» ու 5:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժին»: 7 միավորով խմբում հաղթել ու փլեյ-օֆֆ է դուրս եկել «Կաունո Ժալգիրիսը», իսկ «Յունիսպորտը» 6 միավորով գրավել է երկրորդ տեղը և ավարտել ելույթները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախնական փուլում «Յունիսպորտը» հաղթել էր էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) ու գերմանական «Վայլիմդորֆին» (5:2) և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment