«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Դեռեւս ամռանը մի շարք հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվում: Նա անգամ հրաժեշտ էր տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ու օգոստոսին վերադարձել Հայաստան: Նույնիսկ նրան փոխարինողի անունն էինք հրապարակել` ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, 2018-23 թթ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց հետո իրավիճակ փոխվեց եւ Արսենյանը նորից մեկնեց Մոսկվա ու այժմ շարունակում է պաշտոնավարել ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեզ ասում էին, որ ռուսական կողմն է պնդել, որ Արսենյանը շարունակի պաշտոնավարել: Բայց մեր աղբյուրը նշում է, որ Արսենյանն այժմ շատ է պասիվացել` որպես դեսպան, իսկ դեսպանափոխությունը չհաջողելու պատճառն այլ է` Ռուսաստանը մերժել է Ս. Մկրտչյանի ագրեմանը
Հիմքը թերեւս այն է, որ երկար տարիներ եւրոպական երկրներում պաշտոնավարած անձի հանդեպ ռուսական կողմը վստահություն չի ունեցել: Ի դեպ, մասնագետներն ի սկզբանե ասում էին, որ դժվար թե Մկրտչյանի ագրեմանն ընդունվի ՌԴ-ի կողմից: Հիմա հայկական կողմը պետք է կամ նոր թեկնածու ներկայացնի, կամ բավարարվի հին դեսպանի ծառայություններով: