Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են․ «Փաստ»

Այն, ինչ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ապա նաև ճեմասրահում, իհարկե, խայտառակություն էր: Բայց նման խայտառակություններ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրների խորհրդարաններում: Քննարկումներից հետո կամ դրանց ընթացքում բռունցքներ թափահարելու կամ միմյանց հարվածելու նման դրսևորումները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Կրկնենք՝ ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրի դեպքում կան ավելի խորքային նրբերանգներ և ավելի հեռուն գնացող խնդիրներ: Ի՞նչ նկատի ունենք:

Առաջին. տեղի ունեցածի հետ կապված ամենից ահավորը, եթե չասենք՝ սարսափելին այն է, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փաստացի բռնությունն արդարացնում է: Ձևի համար հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, բայց անմիջապես էլ զրոյացնում է իր ձևական «դատապարտումը» ու սրտանց ասում. «… ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում, աթոռով է թե ինչով է…»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փաստացի արդարացնում է բռնությունը: Սա ավելին է, քան պարզապես արտառոց լինելը: Օրվա իշխանության ղեկավարը բռնությամբ հարցեր լուծելը արդարացնում է, ավելին՝ խրախուսում է դա:

Հընթացս նկատենք, որ շատ հետաքրքիր, կարելի է ասել՝ ինքնատիպ պատկերացումներով և մոտեցումներով են օրվա իշխանությունները «Եվրոպա գնում»: Արդյո՞ք եվրոպացիները այս առնչությամբ ասելիք չունեն: Թե՞ այնտեղ էլ է ընդունված բռնությունն արդարացնելը: Մտածելու բան է:

Ի դեպ, եթե մինչև Փաշինյանի ճեպազրույցը լղարիկ կասկածներ կային, ապա ճեպազրույցում արված հայտարարություններից հետո դրանք էլ փարատվեցին, ու շատերին տեսանելի դարձավ, թե հատկապես որտեղից էր գալիս սադրանքի ու հաջորդած ծեծկռտուքի հիմնական վեկտորը:

Երկրորդ. այս տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում բազմիցս են արձանագրվել փաստեր, որ եթե ոչ իշխանական ցանկացած մեկի, անգամ ոչ քաղաքական գործչի, ուղղակի սոցցանցերի սովորական օգտատիրոջ որևէ գրառման կամ մեկնաբանության մեջ բռնության կոչին շատ հեռավոր նմանվող կամ որպես այդպիսին հրամցվող երկու բառ են գտնում, ապա անմիջապես հետևում են ռեպրեսիվ գործողություններ. ձերբակալություն, քրգործի հարուցում, կալանավորում:

Բայց այս դեպքում բռնությունն արդարացնում են: Ավելին, իրավապահ համարվող մարմինները, դատախազությունը, մյուս «օրգանները» լուռ են: Չնայած, չի կարելի բացառել, որ եթե սկսեն «խոսել», ապա էլի ռեպրեսիվ մարմինների թիրախում ընդդիմադիրները կլինեն: Սա արդեն գրեթե չվիճարկվող նորմ է դարձել. ընդդիմադիրներին ոչինչ չի կարելի, իշխանականներին կարելի է ցանկացած այլանդակություն ու բռնության դրսևորում:

Երրորդ. հայրենի իրականության և նաև վերը ասվածի խորապատկերում զարմանալի չէ, բայց արձանագրելի է այն, որ Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են: Մանրամասնենք. դագաղի կափարիչներ «խաղացնելը», իրենց թիրախավորած մարդկանց բնակության վայրերի մոտ տգեղ դրսևորումները (սգո պսակներ, երիզներ, ատելության հրապարակային թիրախավորում, այդ թվում՝ հակառակորդի ընտանիքի անդամների նկատմամբ և այլն): Այս ամբողջ ընթացքում, 2018-ից ի վեր, արդեն ութ տարի, նաև՝ իշխանական հնարավորությունների ներգրավմամբ, ըստ էության, անընդհատ նույնն են արել: Ու հիմա էլ նույն հռետորաբանությամբ են դրսևորվում՝ «…ջախջախել, գլուխ ջարդել, ոտքը ջարդել, ոտքը պոկել, ասֆալտին փռել» և այլն, և այդպես շարունակ:

Սա հատկապես Փաշինյանի գործելակերպն է, որը ՔՊ-ի ընդհանուր «ոճն» է դարձել:

Չորրորդ. երբ անընդհատ արդարացնում ես բռնությունը, գեներացնում ես թշնամանք, ներհասարակական ատելություն, դա դուրս է գալիս զուտ քաղաքական շրջանակներից, մտնում է հասարակության լայն շրջանակներ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment