Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով հարցաքննվեց գործով վկա Ռուզաննա Մկրտչյանը՝ տուժող Արամ Մկրտչյանի քույրը։
Նա պատմեց, որ երբ Գոհար Սարգսյանին՝ մորաքրոջ աղջկան, ներկայացրել է եղբոր հետ տեղի ունեցածը, վերջինս հայտնել է, որ կփորձի օգնել։
«Ասաց՝ մեկը կա, ՔՊ-ական է, զանգեմ՝ հետը խոսեմ։ Զանգեց, խոսել էր ՔՊ-ականի հետ, նա էլ ասել էր՝ հա, կլուծեմ այդ հարցը, իր հետ մոտիկ եմ»,- դատարանում պատմեց Մկրտչյանը։
Մեղադրող դատախազի հարցին՝ ի վերջո հարցը լուծվե՞լ է, Մկրտչյանը պատասխանեց.
«Վերջում այնպես ստացվեց, որ այդ խոսակցությունից հետո Աղազարյանն ինքը լրագրողներին հակառակ ձևով էր ներկայացնում, թե իբր ինչ-որ Գոհար ասում է, որ ինձ գումար է տվել, այնինչ նման բան չի եղել։ Գոհարն ասել է, որ Արամն է տվել»։
Հարցին, թե մինչև վարույթի նախաձեռնումը Աղազարյանի կողմից եղե՞լ են համաձայնության եզրեր գտնելու և գումարը վերադարձնելու փորձեր, Մկրտչյանը բացասական պատասխան տվեց։
«Ես գիտեմ, որ ինքը սպասումների մեջ էր, ասում էր՝ տունը կվաճառի, կտա»,- նշեց նա։
Վկայի խոսքով՝ այդ ընթացքում իր եղբայրն էր աջ ու ձախ ընկած՝ պարտքով գումար գտնելու և պարտատերերին գոնե մասամբ վճարելու համար։
«Մեքենան էլ կոպեկներով վաճառեց, որ դրանով էլ պարտքը փակի։ Այս պահին չգիտեմ՝ եղբայրս որտեղ է։ Եթե այսպես չլիներ, ինչո՞ւ պետք է գնար։ Հնարավոր չէր ապրել, պարտատերերը օրը մեջ դուռը թակում էին»,- պատմեց վկան։
Աղազարյանը դատարանում ներկայացրեց իր հաշվարկները, թե որքան գումար է վերադարձրել Արամ Մկրտչյանին, և նշեց, որ պարտք է մնացել 7000 դոլար։ Այնուհետև Ռուզաննա Մկրտչյանից հետաքրքրվեց. «7000 դոլարի համար փախուստի՞ է դիմել ձեր եղբայրը»։
Վկան արձագանքեց, որ Աղազարյանի նշած 8000 դոլարը կապ չունի ընդհանուր 23 հազար դոլարի հետ։
«Բոլորովին ուրիշ բաներ եք ասում։ Նախ՝ 8000 չէ, մատանի եք ուզել, որ առել է՝ 800 դոլար է եղել, ոչ թե 8000։ Ես տեղեկություն չունեմ՝ իր նշած 23 հազար դոլարից հանած ինչ 8000 դոլարի մասին եք խոսում։ Ես նման բաներ չեմ լսել։ Աղազարյանի կողմից վերադարձված գումարի մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Մկրտչյանը։
Աղազարյանի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք վկան տեղեկություն ունի փոխառության պայմանագիր կնքելու և գումարը փոխառությամբ տրամադրելու մասին։ Ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց. «Տեղյակ չեմ»։
Աղազարյանն իր հաջորդ հարցն ուղղեց վկային՝ հետաքրքրվելով, թե եթե հրաշքով այդ 23 հազար դոլարը լիներ, արդյոք եղբայրը կկարողանար լուծել իր բոլոր խնդիրները։
Վկան դրական պատասխան տվեց։
«Այո՛, ձեր պատճառով եղավ, որ գնալով խրվեց։ Այստեղից վերցրեց, այնտեղից վերցրեց, որովհետև ներդրողներն իրենց գումարներն էին հետ պահանջում։ Ի՞նչ աներ, պարոն Աղազարյան»,- արձագանքեց Ռուզաննա Մկրտչյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: