Մեկ ասացին՝ 8000, հետո՝ 15.000 դոլար է փոխանցվել Աղազարյանին, հետո էլ թե՝ մատանի ու ծաղկեփունջ է գնել Աղազարյանի ընկերուհու համար. վկան մանրամասներ է պատմում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը։ Դատարանում հարցաքննվեց գործով վկա, ՔՊ-ական Հայկ Նազարյանը։

Վկան պատմեց, որ Հովիկ Աղազարյանին ճանաչում է 2018 թվականից, սակայն Արամի (տուժողի) հետ կապված դեպքերից առաջ նրա հետ շփում չի ունեցել։

Վկան հայտնեց, որ աշխատում է մաքրման ծառայությունում։ Նրա խոսքով՝ Ֆեյսբուքի ընկերներից Գոհարն իրեն հրավիրել է իր տուն՝ մաքրություն անելու։ Երբ ծառայության աշխատակիցները սկսել են աշխատանքը, Գոհարն իրեն սուրճ է առաջարկել, իսկ սուրճի սեղանի շուրջ հարցրել՝ «Նիկոլը տեղյա՞կ է, որ մեզնից գումար են վերցրել»։ Հետո, ըստ վկայի, տիկին Գոհարը պատմել է մանրամասները, որ իր եղբոր՝ Արամից, պատգամավոր Հովիկ Աղազարյանը գումար է վերցրել. «Ասում էր՝ Արամը հեսա կգնա, իրեն կկախի, Արամի վիճակը ծանր է»:

Նազարյանը նշեց, որ աշխատանքն ավարտելուց հետո, երբ տուն է գնացել, Գոհարն իրեն ձայնագրություններ է ուղարկել, իսկ ինքն էլ դրանք փոխանցել է իր կուսակցական ընկերներին, որպեսզի հարցը լուծվի կուսակցության ներսում։

Նրա խոսքով՝ Աղազարյանի հետ խոսել են, նրան հրավիրել են կուսակցություն, իսկ հանդիպմանը ներկա են եղել Արամը, մի քանի պատգամավոր և Գոհարը։

«Ոչ Աղազարյանի դեմ բան ունեմ, ոչ էլ մյուս կողմի։ Ինձ համար կարևորն այն է, որ մեղավորը պետք է պատասխան տա՝ լինի Աղազարյանը, թե իմ տատը»,- նշեց վկան։

Նազարյանը պատմեց, որ խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մանկապարտեզի հարակից դաշտը ձեռք բերելու մասին է եղել: Ըստ նրա՝ պայմանավորվածություն է եղել տարածքը վերցնելու և այնտեղ էլիտար շենք կառուցելու վերաբերյալ։ Գումարը Հովիկ Աղազարյանին տվել են, որպեսզի նա կազմակերպի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը. «Ասացին՝ Արամը մարդկանց է բերել, Աղազարյանը հանդիպել է նրանց հետ, ապա նրանք գումար են տվել, սակայն այն չեն տեսել»։

Նազարյանի խոսքով՝ սկզբում նշվել է Աղազարյանին 8000 դոլար փոխանցելու մասին, ապա մի օր Գոհարն ասել է, որ խոսքը 15 հազար դոլարի մասին է։ Հետագայում, սակայն, Գոհարն ասել է, որ Աղազարյանի բացակայության ժամանակ Արամը մատանի է գնել և նվիրել Աղազարյանի ընկերուհուն, ինչպես նաև ծաղիկներ է գնել։

«Արամի հետ հետո սկսեցի շփվել WhatsApp-ով։ 8000 դոլարից սկսեցինք, հասանք ծաղկեփնջին։ Արամն ինձ ասում էր՝ կգնամ, կամրջից ինձ ցած կգցեմ։ Դրանից խուսափելու համար ես իմ կուսակցական ընկերների մոտ բարձրաձայնեցի հարցը… Ես սկզբում մինչև վերջ չէի հասկանում, թե իրենց միջև ինչ է կատարվում։ Ալոն բլոյին պիտի տար, բլոն՝ ալոյին. գլուխ չէի հանում՝ ով ում պիտի տա, ով ումից պետք է վերցնի»,- պարզաբանեց վկան։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment