Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային

Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում սրված հարաբերություններում, կարծես, լարվածության նոր ալիք է բարձրանում։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ մինչ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գլխաշորի արգելքի շուրջ դիվանագիտական ​​լարվածությունը շարունակվում է, Բաքվի վարչակազմն ուշագրավ հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների վերաբերյալ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ իրենք «ողջունում են» ԱՄԷ-ի պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեհին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությունը։

Հաջիզադեն նշել է, որ թեկնածուները պետք է գնահատվեն նրանց դիվանագիտական ​​փորձի, մասնագիտական ​​որակավորման, անաչառության և անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու ունակության հիման վրա։ Հայտարարության մեջ Բաքուն Նուսեյբեի թեկնածությանը, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվել, սակայն հստակ պարտավորություն չի ստանձնել ընտրությունների ժամանակ նրա օգտին քվեարկելու վերաբերյալ։

Նույն հայտարարությունը, սակայն, չի արվել Թուրքիայի թեկնածուի վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Թուրքիան պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել նախկին արտգործնախարար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Հոկտեմբերի 2-ի Associated Press-ի հրապարակումը պնդում էր, որ Անկարան սկսել է դիվանագիտական ​​​​քննարկումները Սինիրլիօղլուի վերաբերյալ։

«Ադրբեջանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է ԱՄԷ-ի թեկնածու Լանա Նուսեյբեին, այլ ոչ թե Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էր Թուրքիան»,- X-ում գրել է լրագրող Նևզաթ Չիչեքը։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած դիվանագիտական լարվածության հիմքում Ադրբեջանում գլխաշորով պետական դպրոցներ հաճախելու արգելքն է։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչել են համապատասխան հայտարարություններ։ Սակայն Անկարայից հնչած արձագանքները քննադատություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի կողմից արված հայտարարությունները գնահատել է որպես երկրի ներքին գործերին միջամտություն։

Երկու երկրների միջև լարվածությայն ֆոնին ուշադրությունը սևեռվել էր Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Անկարայում 2026 թվականի հոկտեմբերի 29-30-ը: Ենթադրություններ էին առաջացել՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի գագաթնաժողովին։ Այցն այդպես էլ տեղի չունեցավ: Անկարայում անցկացված գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment