Զգուշացե՛ք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում. ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով TikTok-ում զեղծարարության մասին:

««TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։

Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։

Հորդորում ենք Ձեզ՝

չանցնել կասկածելի հղումներով,

չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,

չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment