ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը

Քաղաքականություն

30.10.2026 | 19:21

Նոյեմբերի 29-ին կայանալիք Ապարան համայնքի ավագանու ընտրություններում «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Կարեն Եղիազարյանը, այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Նշենք՝ «Համերաշխություն» դաշինքով, որի կազմում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցություններն են, իշխող կուսակցությունը մասնակցել է նաև Գորիսի ընտրություններում, որտեղ ցուցակը գլխավորել է Առուշ Առուշանյանը։

Եղիազարյանը Ապարանը ղեկավարում է 2017-ից, համայնքը 18,854 ընտրող ունի։

Նա անկուսակցական է։ Նախորդ ընտրություններին մասնակցել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքով, 2021-ի ընտրություններում առաջ է անցել ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանից։

Դաշինքում ներառված են եղել «Արդար Հայաստան» և «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Առաջինի ղեկավարը իրավաբան Նորայր Նորիկյանն է, երկրորդինը՝ Հրաչյա Ներսիսյանը։

Եղիազարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը Կարեն Եղիազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել շուրջ 278.4 մլն դրամի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված գույք ու դրամական միջոցներ։

2025-ից դատարանում է քննվում նաև Եղիազարյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կամ ինքնակամ շինարարությունը կասեցնելու/կանխարգելելու համար օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment