Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում

Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 000 դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Կիբեռոստիկանությունը։ 

«Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։

Հորդորում ենք Ձեզ՝

– չանցնել կասկածելի հղումներով,
– չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,
– չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Leave a comment