Անտիպ լուսանկարներ, չպատմված պատմություններ. Մարկոս Գրիգորյանի մասին ֆիլմ է նկարահանվում

«Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալլահվերդյանը եւ իրանցի ժամանակակից կինոռեժիսոր, օպերատոր Համիռեզա Զեյնալին վավերագրական ֆիլմ են նկարում հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի մասին:

Միշել Ալլահվերդյանը եւ Համիռեզա Զեյնալին

Aravot.am-ի հետ զրույցում Միշել Ալլահվերդյանը նշեց, որ հիմնադրամի հիմնումից հետո, որը միտված է Մարկոս Գրիգորյանի ժառանգության պահպանմանն ու տարածմանը, կապվել են Համիդռեզա Զեյնալիի հետ՝ այդ գաղափարն իրականություն դարձնելու համար: Նա ընդգծեց, որ ի սկզբանե մտածել են՝ բացի հոբելյանական ցուցահանդեսներից, նաեւ ֆիլմով անդրադառնալ անվանի արվեստագետին, որը Իրանում եղած տարիներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ Գրեգորի Մարկ բեմական կեղծանվամբ:

«Մտածեցինք վավերագրական ֆիլմ նկարել, որտեղ կկարողանանք ներկայացնել անտիպ լուսանկարները, այն վայրերը, որտեղ Մարկոս Գրիգորյանը գործունեություն է իրականացրել, ինչպես, օրինակ, Թեհրանում իր հիմնած «Էսթետիկ» պատկերասրահում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում, Թեհրանի տանը: Մենք զրուցելու ենք նաեւ այն մարդկանց հետ, որոնք իր հետ մտերիմ են եղել, կարեւորագույն դերակատարություն են ունեցել իր կյանքում: Կարողացել ենք Թեհրանում արդեն մի քանի հանրահայտ իրանցի ժամանակակից արվեստագետների, արվեստաբանների, գալերիստների հետ զրուցել»,- հայտնեց Միշելը:

Ինչ վերաբերում է Համիդռեզա Զեյնալիին, նշեց, որ դեռեւս 2000-ականներից նա մի քանի անգամ Մարկոս Գրիգորյանին Երեւանում հանդիպել է, բայց այն ժամանակ հնարավորություն չի ունեցել անվանի արվեստագետի մասին ֆիլմ նկարելու: «2024-2025 թթ., երբ Մարկոսի ցուցահանդեսն էր տեղի ունենում Թեհրանում, Համիդռեզան որոշ նկարահանումներ է արել տեղից: Շատերը, այս ֆիլմը դիտելով, կհասկանան, որ Մարկոս Գրիգորյանի շատ գործեր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում են պահվում: Վավերագրական ֆիլմի կարեւորագույն նկարահանումների մի մասն էլ Հայաստանում է իրականացվելու: Դրանք այն բոլոր վայրերն են, որտեղ Մարկոսը լինում էր, գործունեություն էր ծավալում, ինչպես, օրինակ, Գրականության եւ արվեստի թանգարանը, Երեւանի իր տունը, Գառնիի մշակույթի տունը, որտեղ գորգեր էր գործում»,- ասաց Միշել Ալլահվերդյանը:

Հարցրինք՝ ինչպե՞ս է ֆիլմում արտացոլվելու Մարկոս Գրիգորյանի՝ երկու մշակույթների (հայկական եւ իրանական) խաչմերուկում գտնվելու փաստը, եւ որքանո՞վ է այս համատեղ նախագիծը խորհրդանշում երկու երկրների ժամանակակից մշակութային երկխոսությունը։ Մեր զրուցակիցն ափսոսանքով նշեց, որ պատերազմի պատճառով եւ իրավիճակով պայմանավորված՝ հնարավորություն չունեն ԱՄՆ մեկնելու, այնտեղ եւս նկարահանումներ անելու, հետեւաբար ֆիլմի նկարահանումները կկայանան միայն Իրանում եւ Հայաստանում: Կփորձեն ներգրավել բոլոր այն մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ճանաչել են Մարկոս Գրիգորյանին՝ սկսած Իտալիայից, որտեղ նա կրթություն է ստացել:

«Մարկոս Գրիգորյանն իր հողարվեստի գործերից մեկն անվանել էր «Խաչմերուկ», ինչը շատ խորհրդանշական է, որովհետեւ նրա գործերը խաչմերուկ են Հայաստանի եւ Իրանի միջեւ, իր կենդանության օրոք նա իրոք կամուրջ էր ստեղծել Թեհրանի եւ Երեւանի արվեստի դաշտերի միջեւ: Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ուղին ձեւավորվել է տարբեր մշակույթների հատման կետում՝ արտացոլելով Մերձավոր Արեւելքի հարուստ մշակութային ժառանգությունն ու դրա երկխոսությունը համաշխարհային արվեստի հետ։ Մահվանից շուրջ քսան տարի անց էլ նրա արվեստը շարունակում է պահպանել եւ ամրապնդել այդ կամուրջը՝ միավորելով տարբեր մշակույթներ, մարդկանց եւ գեղարվեստական ավանդույթներ՝ ժամանակի եւ տարածության սահմաններից անդին»,- ասաց «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրենը։

Նա տեղեկացրեց, որ ֆիլմում ներկայացնելու են հետաքրքիր դեմքերի, որոնցից մեկն էլ իրանցի հայտնի գալերիստ Լիլի Գոլեստանին է, որը շատ լավ է ճանաչել Մարկոս Գրիգորյանին, ով հրաշալի կապեր էր ստեղծել իրանցի եւ հայ արվեստագետների, արվեստաբանների ու համադրողների միջեւ:

Հարցրինք՝ Մարկոս Գրիգորյանի կյանքը միաժամանակ արվեստի նորարարության, հնագիտության, գորգերի հավաքչության եւ անձնական մեծ դրամաների համադրություն է։ Ի՞նչ ձեւաչափ կամ գեղարվեստական լեզու են ընտրել այս բազմաշերտ կենսագրությունը մեկ ամբողջական պատմության մեջ միավորելու համար։ «Մենք փորձելու ենք այդ բոլորը մեկ ֆիլմում ոչ միայն արխիվային, անտիպ նյութերով ներկայացնել, այլեւ այն մարդկանց լեզվով, որոնք Մարկոսի հետ շփումների փորձառություն են ունեցել: Օրինակ՝ Լիլի Գոլեստանն արդեն պատմել է, թե Մարկոն ինչ մեծ դերակատարություն է ունեցել իրանցի երիտասարդ արվեստագետների աշխատանքների առքուվաճառքի առումով՝ այն շրջանում, երբ Իրանում աճուրդ չկար, շուկա չկար, մինչդեռ ինքն իր գալերիայում դա իրականացնում էր: Հայաստանում մենք խոսելու ենք Գառնիի մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադեւոսյանի հետ, որը ներկայացնելու է, թե ինչպես Մարկոն ի սկզբանե՝ 80-ականներից, իրեն հանդիպեց եւ առաջարկեց, որ մշակույթի տան մի հատվածում գորգագործություն անել… Ֆիլմում կարող եք տեսնել 1996-ից սկսված Գյումրու բիենալեի անտիպ ֆոտոները, որտեղ Մարկոսը ստեղծագործում է Գյումրիում՝ իր գործը: Խոսելու ենք նաեւ Վազոյի՝ հայտնի Վազգեն Պահլավունու հետ, որը կարեւորագույն դեր է ունեցել Մարկոսի կյանքում: Բազմաթիվ նյութեր հենց Վազոն է մեզ տրամադրել ոչ միայն այս ֆիլմում օգտագործելու համար: Մենք նաեւ Թեհրանում մի քանի տուն ենք այցելել, որոնց տերերն իրենց տանը հյուրընկալել են Մարկոս Գրիգորյանին եւ նրանից հիշատակներ ունեն: Այդ տներում էլ ենք նկարահանումներ արել: Մի խոսքով, բավականին հետաքրքիր նյութ կա, այս պահին շատ փակագծեր չբացեմ»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Միշել Ալլահվերդյանի ֆեյսբուքյան էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment