Օսմանցի հայը Ֆլորենցիայի դատարաններում` փաստաբան Արման Արամ

«Նա ծնվել է Ստամբուլում 1869 թ․: Կորցրել է տեսողությունը չորս տարեկանում: Նա սովորել է Նեապոլի կույրերի դպրոցում, շարունակել է ուսումը Լիվոռնոյում, սովորել է իրավագիտություն Պիզայում և սկսել է իրավաբանական գործունեություն ծավալել Ֆլորենցիայում: 1895 թ․ Ֆլորենցիայի փաստաբանական պալատում գրանցված Օսմանյան կայսրությունից մի հայ իր տեղը գտավ եվրոպական իրավական աշխարհում: Ավելին, նա այս ամենին հասել է կույր լինելով»:

Թուգայ Այդըն

20-րդ դարի սկզբին Եվրոպայում զարգացումները օսմանյան մամուլում քննարկվելիս երբեմն ներառվում էին ուշագրավ մարդկային պատմություններ: Դրանցից մեկը Արման Արամ էֆենդու պատմությունն է, որը նկարագրվում է տեսողական խնդիրներ ունեցողների՝ կրթությանը նվիրված հոդվածում:

1902 թ․ օգոստոսի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ համագումար՝ տեսողական խնդիրներ ունեցողների վիճակը բարելավելու համար, որին մասնակցեցին 20 երկրների պատվիրակներ: Օսմանյան պետությունը համագումարին ուղարկեց նաև Կայսերական բժշկական դպրոցի ակնաբուժության պրոֆեսոր, բժիշկ Էսաթ Բեյին (Մեհմեթ Էսաթ Ըշըք):

1903 թ․ «Սերվեթ-ի Ֆյունուն»-ում հրապարակված «Կույր փաստաբան» վերնագրով իր հոդվածում Էսաթ Բեյը, որը փոխանցեց Կույրերի համագումարի մասին իր տպավորությունները, օրինակ է բերում՝ ցույց տալու Եվրոպայում տեսողական խնդիրներ ունեցողների կրթությանն ուղղված ջանքերի արդյունքները: Այս օրինակը Օսմանյան պետության հայ հպատակ Արման Արամ Էֆենդին էր: Դոկտոր Էսաթը ուշագրավ էր համարում, որ տեսողության խնդիրներ ունեցող անձը կարող էր զարգանալ այնպիսի կարևոր, նուրբ և դժվար մասնագիտության մեջ, ինչպիսին է «իրավաբանական ներկայացուցչությունը», և հատկապես հաճելի էր համարում, որ Արման Արամը «իրենց համաքաղաքացին» էր։

Նա կորցրել էր տեսողությունը չորս տարեկանում

Արման Արամը ծնվել էր Ստամբուլում 1869 թ․։ Երբ նրա հայրը՝ բժիշկ Արամ բեյը, ծառայում էր Չանաքքալեում, Արմանը կորցրել էր տեսողությունը չորս տարեկանում՝ տեսողական նյարդի անբավարարության պատճառով։ Հիվանդության սկսվելուց մինչև տեսողության լիակատար կորուստ՝ ընդամենը մեկ ամիս էր։

Հայրը նրան նախ տարավ Ստամբուլի բժիշկների մոտ։ Երբ արդյունք չստացան, տարավ Վիեննա՝ այդ ժամանակվա հայտնի բժիշկ Արելի հետ խորհրդակցելու։ Դոկտոր Արելը Արմանին հանձնարարեց ապրել լավ օդ ունեցող վայրերում, գուցե կարողանար ապաքինում գտնել։

Մինչև ութ տարեկանը Արմանը լիովին չէր գիտակցում իրեն բաժին հասած այս մեծ հաշմանդամությունը։ Նա կարծում էր, որ իր շուրջը գտնվող մարդիկ աշխարհն ընկալում են իրենց շոշափելիքի զգայարանով, ինչպես ինքը։ Երբ նա հասկացավ ճշմարտությունը, չկորցրեց իր ապագայի հույսը։

Կրթության սկիզբը Նեապոլում

1880 թ․, 11 տարեկան հասակում նրան տարան Նեապոլ՝ կրթությունը շարունակելու։ Նա ընդունվեց այնտեղի կույրերի համար նախատեսված դպրոց։ Սկզբում սովորեց կարդալ և գրել՝ օգտագործելով հատուկ մեթոդներ։ Ավելի ուշ կատարելագործեց իր կարդալն ու գրելը՝ օգտագործելով Պասկուալե Մարտուսչելլիի կողմից հորինված մեքենան։

Երեք տարի անց՝ 1883 թ․, նրան տարան Լիվոռնո, որտեղ ավարտեց միջնակարգ կրթությունը։ Նա մաթեմատիկա սովորեց կույրերի համար հորինված հատուկ մեքենայի օգնությամբ։ Աշխարհագրության դասերին նա օգտագործում էր դրոշմված քարտեզներ։

Նա մեծ հետաքրքրություն ուներ ճանապարհորդական գրառումների նկատմամբ։ Նաև սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ։ Դասեր վերցրեց դրոշմված նոտաներից, իսկ ավելի ուշ նվագեց անգիր սովորած ստեղծագործությունները։ Շատ լավ գնահատականներ ստացավ ամեն տարի անցկացվող քննություններում։

Այժմ մասնագիտություն ընտրելու ժամանակն էր։ Նրան առաջարկեցին երաժշտության ուսուցչի պաշտոն։ Արմանը մերժեց առաջարկը։ Քանի որ ուներ մեկ այլ նպատակ՝ դառնալ իրավաբան։

Իրավաբանական կրթություն Պիզայում

Այս որոշումից հետո մեկնեց Պիզա։ Ընդունվեց համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Չորս տարի անց, իր ինտելեկտի և արտակարգ հիշողության շնորհիվ, հաջողությամբ ավարտեց իրավաբանական ուսումը և ստացավ իրավաբանի աստիճան 1893 թվին։ Նա 24 տարեկան էր։

Այսպիսով, Արմանի ընդհանուր կրթական ժամանակահատվածը հասավ 12 տարվա։ Ինչպես նշել է դոկտոր Էսաթը, նույնիսկ տեսողության խնդիրներ ունեցող ուսանողները կարող են դժվարություններ ունենալ այդքան երկար կրթական գործընթացն ավարտելու հարցում։

Արմանի ամենանշանակալի հատկանիշներից մեկը նրա հիշողությունն էր։ Նա պարզապես լսում էր դասախոսությունները, հիշում էր մեկ անգամ լսած տեղեկատվությունը և գրառումներ անելու կարիք չուներ։ Ավելին, նա ոչ միայն շարունակում էր իր սեփական կրթությունը, այլև օգնում էր իր ընկերներին։

Ֆլորենցիայի դատարաններում

Իտալիայում իրավաբանական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ էր երկու տարվա աշխատանքային փորձ ունենալ իրավաբանական ուսումնառությունն ավարտելուց հետո։ Հետևաբար, Արմանը հաստատվեց Ֆլորենցիայում։ Նա մասնագիտության գործնական կողմերը սովորեց՝ երկու տարի աշխատելով քաղաքի ամենահայտնի փաստաբաններից մեկի՝ պարոն Ռոզադիի մոտ։

Այնուհետև նա կարողացավ գրանցել իր անունը փաստաբանական գրասենյակում։ Այսպիսով, նա դարձավ տեսողության խնդիրներ ունեցող օսմանյան քաղաքացի, որը պաշտոնապես զբաղվում էր իրավաբանական գործունեությամբ Իտալիայում։

Հոդվածի գրելու պահին Արմանը երեք տարի իրավաբանական գործունեություն էր ծավալում Ֆլորենցիայի դատարաններում։ Նա հաջողությամբ պաշտպանում էր իր ստանձնած գործերը, և թերթերը սկսել էին խոսել նրա հմտության մասին։

Չնայած կույր լինելուն, նա ներկայանում էր իր գործընկերների առջև, հետևում էր նրանց գործերին և կատարում իրավաբանական մասնագիտության պահանջներին համապատասխանող պարտականությունները։ Վարձել էր գրագիր՝ իր նամակները, պաշտպանությունները և այլ փաստաթղթեր գրելու համար։ Նաև դատարան էր գնում իր գրագրի ուղեկցությամբ։

Դասական լեզուներից մինչև Բրայլի գրքեր

Արմանի կրթության ուշագրավ կողմը միայն իրավաբանական կրթությունը չէր։ Քանի որ հին հունարենի և լատիներենի ուսումն անհրաժեշտ էր Իտալիայում իրավաբանական ուսումնասիրությունների համար, նա սովորել էր նաև այս երկու լեզուները։ Բացի դրանցից, գիտեր թուրքերեն, ֆրանսերեն և իտալերեն։ Կարդում էր իտալացի և ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունները։ Ծանոթ էր դասական և ժամանակակից գրականությանը։ Անհամբերությամբ սպասում էր տեսողական խնդիրներ ունեցողների համար գրադարաններում Բրայլի գրերով տպագրված յուրաքանչյուր նոր գիրք կարդալուն։ Դոկտոր Էսաթի խոսքերով՝ Արմանը կարող էր Բրայլի գրերով գրքեր կարդալ ձեռքով նույն արագությամբ, ինչ տեսնող մարդը։

Նա ամուսնացել է 1898 թ․, բայց հոդվածը գրելու պահին (1903թ.) դեռ երեխաներ չուներ։ Դոկտոր Էսաթի խոսքերով՝ Արմանը ընդամենը 33 տարեկան էր։

Նա Եվրոպայի՝ տեսողական խնդիրներ ունեցող առաջին փաստաբաններից մեկն էր՞։

Կա մի հարց, որը Արման Արամ Էֆենդիի պատմությունն այսօր ավելի հետաքրքիր է դարձնում. Արմանը Եվրոպայի՝ տեսողական խնդիրներ ունեցող առաջին փաստաբաններից մեկն էր՞։

Դա հաստատելու համար անհրաժեշտ է եվրոպական իրավական պատմության համապարփակ ուսումնասիրություն՝ երկիր առ երկիր։ Մեր ունեցած 1903 թ․ «Սերվեթ-ի Ֆյունուն» պարբերականի հոդվածում չի նշվում, որ Արման Արամը Եվրոպայի՝ տեսողական խնդիրներ ունեցող առաջին փաստաբանն էր։ Սակայն, հստակորեն փաստաթղթավորում է, որ նա իրավաբանական կրթություն է ստացել Իտալիայում 19-րդ դարի վերջին, գրանցվել է փաստաբանական կոլեգիայում 1895 թ․ և իրականում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Ֆլորենցիայի դատարաններում։

Արմանից առաջ կան տեսողական խնդիրներ ունեցող փաստաբանների օրինակներ։ Հետևաբար, մենք դեռևս բավարար տեղեկություններ չունենք նրան այսօր «Եվրոպայի՝ տեսողական խնդիրներ ունեցող առաջին փաստաբանը» անվանելու համար։ Ավելի զգուշորեն և այնքանով, որքանով թույլ են տալիս առկա աղբյուրները, կարող ենք ասել հետևյալը. Արման Արամ Էֆենդին հանդես է գալիս որպես տեսողական խնդիրներ ունեցող վաղ շրջանի փաստաբաններից մեկը, որն իրականում Եվրոպայում զբաղվել է փաստաբանությամբ 19-րդ դարի վերջից սկսած։ Ավելին, նրան հետաքրքիր է դարձնում ոչ միայն այն, որ նա տեսողական խնդիրներ ուներ։ Արմանը օսմանահպատակ հայ էր, որը ծնվել էր Ստամբուլում 1869 թ․։ Նա իր կրթությունն ավարտել է ոչ թե օսմանյան տարածքում, այլ Իտալիայի հաստատություններում՝ անցնելով Նեապոլով, Լիվոռնոյով և Պիզայով, նախքան Ֆլորենցիայի դատարաններ հասնելը։

 

Ի՞նչ է մեզ ասում Արման Արամի պատմությունը

Այստեղ է, որ ակնհայտ է դառնում դոկտոր Էսաթի հոդվածի հիմնական նպատակը։ Դոկտոր Էսաթը Արման Արամ Էֆենդու հաջողությունը պարզապես չի նկարագրել որպես «արտակարգ մարդու պատմություն»։ Նա Արմանի կյանքը ներկայացրել է որպես օրինակ՝ ցույց տալու համար, որ տեսողական խնդիրներ ունեցողների կրթությանն ուղղված ջանքերը արդյունք են տալիս։

Հենց սա է այն առաջարկի իմաստը, որը դոկտոր Էսաթն արել է Դարուլաչեզեի (բարեգործական հաստատություն) վերաբերյալ իր հոդվածի վերջում։ Եթե տեսողական խնդիրներ ունեցող երեխայի համար հնարավոր է կրթություն ստանալ և դառնալ իրավաբան Նեապոլում, Լիվոռնոյում, Պիզայում և Ֆլորենցիայում, ապա ինչո՞ւ չպետք է նմանատիպ հնարավորություններ ստեղծվեն Օսմանյան կայսրությունում։ Արման Արամ Էֆենդու կյանքը հզոր պատասխան էր այս հարցին։ Դոկտոր Էսաթի խոսքով՝ Դարուլաչեզեում տեսողական խնդիրներ ունեցողների կրթություն և դաստիարակություն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելը և նման բարեգործական հաստատություն հիմնելը կարող են հիմք հանդիսանալ Օսմանյան Կայսրությունում նմանատիպ առաջընթացի համար։ Հետևաբար, Արման Արամի պատմությունը միայն անհատական ​​հաջողության պատմություն չէր։ Այն նաև մաս էր կազմում 1903 թ․ օսմանյան մամուլում տեղի ունեցած հաշմանդամության, կրթության և սոցիալական հնարավորությունների վերաբերյալ բանավեճի։ Արմանի կյանքը օգտագործվել է որպես կոնկրետ օրինակ այն բանի, թե ինչ կարող է պատահել, երբ կրթվում են։ Նույնիսկ մեկ դարից ավելի անց պատմության մեկ այլ կողմ է մնում ուշագրավ. երբեմն խնդիրը ոչ թե այն է, թե մարդը ինչ չի տեսնում, այլ այն, թե արդյոք հասարակությունը կարող է տեսնել, թե ինչի է այդ մարդը ընդունակ: Արման Արամի պատմությունը, որից այսօր մենք նույնիսկ մեկ լուսանկար չունենք, հզոր մեկնարկային կետ է նրա ուղին հետագծող նոր հետազոտությունների համար:

https://www.agos.com.tr/tr/haber/floransa-mahkemelerinde-bir-osmanli-ermenisi-avukat-arman-aram-42255

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net

Leave a comment