Քաղաքականություն
30.10.2026 | 17:54
Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը։ Այս մասին հայտնել է կուսակցությունը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Կարեն Մանուկյանը Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքը ղեկավարում է 2018-ից։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2018 թ. նոյեմբերին Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանի հրաժարականից հետո Մանուկյանը նշանակվել է Աշոցքի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում եղել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգող։ Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։ Համայնքը 8900 ընտրող ունի։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրվի Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Նույն օրը Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։