Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել՝ իր հասցեին հնչեցված զրպարտությունները հերքելու պահանջով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և փոխհատուցում՝ 1 դրամ։
Հայցադիմումի առիթը Սարոյանի՝ սեպտեմբերի 30-ին «FreeNews Armenia»-ի եթերում հնչեցված հայտարարություններն են։
Սարոյանը, մասնավորապես, անդրադառնալով Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ»-ին, խոսել է Մեսրոպ Մանուկյանի-Ստեփան Ասատրյանի բանավեճի մասին, ասել՝ «հասկանում եմ՝ ով է իրեն պատրաստել այդ բանավեճին, վստահաբար՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մոտ է ինքը թրեյնինգ անցել՝ մինչև եկել է բանավեճին մասնակցելու», «Իրեն թրեյնինգ անող մարդն առհասարակ այն անձնավորությունն է, ով կանգնած է շատ վարկաբեկող նյութերի հետևում»։ Սարոյանը վստահություն էր հայտնել, որ կան եպիսկոպոսներ, ովքեր համակարծիք են և կմիանային «բարենորոգմանը», բայց հոգևերականների դեմ կոմպրոմատները հենց Մայր Աթոռում է գեներացվել․ «Ժամանակ առ ժամանակ այդպես ճնշում էին։ Երբ գնում էին եկեղեցու փաստացի պետի մոտ, ասում էին՝ Արշակն է, գնում էին Արշակի մոտ, ասում էր՝ նա է։ Այս ձև է եկեղեցին կառավարվել, չեղած տեղից էլ մարդկանց դեմ ստեղծում էին, շատ բաներ միասին էին անում՝ և Եկեղեցու փաստացի պետը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ինքը դատական գործընթացի մեջ է, երբ մեկի պայուսակի մեջ թմրանյութ էր գցել, ուղղակի խորհուրդ չեմ տա, որ ինքն այսպես այդ կարգավիճակով փորձի մարդկանց թրեյնինգ անի ու ուղարկի՝ մարդկանց վարկաբեկելու, պետք է հրաժարվի դրանից, թե չէ ես կարող եմ այնպիսի բաներ բացահայտել, որ ինքն իր հին բանը դնի մի կողմ ու առհասարակ տանից դուրս չգա։ Իր մասին նյութերը կեղծ չեն, այդ նյութերը հաստատվել են ՀՀ ՔԿ փորձաքննությամբ»։
Արշակ Սրբազանն այժմ դատարան է դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Սարոյանին՝ հերքում հրապարակել լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ․ «30.09.2026.-ին «FreeNews Armenia» առցանց հարթակում հեռարձակված հարցազրույցի ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում պատասխանող Արման Վոլոդյայի Սարոյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։ Սրբազանը պահանջում է նաև սիմվոլիկ 1 դրամ՝ որպես փոխհատուցում։ Հայցը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանին։
Նշենք, որ Արշակ Սրբազանը ևս մեկ հայց ներկայացրել է՝ Ստեփան Ասատրյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտությունը և 999 դրամի չափով փոխհատուցում։