ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները, որպես համաձայնեցված թեկնածու, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։ ԱԺ նստաշրջանում հարցի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր ծրագրերը այս ոլորտի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ինչո՞ւ եք մտածում, որ ՔՊ-ն պետք է ձեզ ընտրի։ Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ հստակ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ։ ՀՀ-ում բիզնեսների մի ստվար զանգված պատկանում է ձեզ հետ փոխկապակցված անձանց, ձեր ընկերներին, ծանոթներին, քաղաքական ընկերներին, որոնք նաև անցնում են ապօրինի ծագման գույքի հարցերով։ Ո՞նց եք դուք այդտեղ արդարությունը պահելու, ուզում եմ հասկանալ»։
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Սա ընդդիմության քվոտան է, որը երաշխավորված է օրենքով։ Իրավունքը ձերն է՝ ընտրել-չընտրելու, որևէ մեկը չի կարող ոչ պարտադրել, ոչ որևէ բան անել։ Ինչ վերաբերում է հնարավոր կապերի մասին, փոխկապակցված անձ հասկացությունը կոնկրետ իրավական գնահատական ունի։ Ինձ հետ չկա որևէ փոխկապակցված անձ, որն այս մարմնի կարգավորման տիրույթում է տեսականորեն գտնվում կամ կգտնվի։ Իսկ եթե անգամ գտնվեց, պետք է իմանաք, որ օբյեկտիվ չափանիշը գործում է անկախ նրանից, թե ով է սուբյեկտը»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք պատրաստ ՀՅԴ-ին անդամակցությունը դադարեցնել, այս պաշտոնն այդքան թա՞նկ է»։
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Ապաքաղաքական գործունեությունն օրենքով նախատեսված պահանջ է։ Այո, ընտրվելու դեպքում դադարեցնում եմ այդ ամենը։ Իմ էությամբ եմ ես դաշնակցական, որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությունը։ Բայց, եթե կան Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորություններ, որոնք պետք է իրականացնես, պետք է իրականացնես անկախ քո կուսակցական պատկանելությունից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: