«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հանրային դրամահավաքի նախաձեռնության շրջանակում լաբորատոր ուսումնասիրության է ներկայացրել կաթնամթերքի 11 արտադրողի տարբեր արտադրատեսակներ։ Փորձաքննությունների արդյունքում որոշ նմուշներում սահմանված ցուցանիշներից շեղումներ են հայտնաբերվել։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա փոխանցմամբ՝ փորձաքննության համար նմուշներ են վերցվել «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Արզնի», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Թամարա և Անի», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ» և «Իգիթ» ընկերությունների կաթնամթերքից, հայտնում է Aysor.am-ը:
Պիպոյանը հայտնել է, որ հետազոտությունների իրականացման նպատակով ընտրվել են միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներ։ Նրա գնահատմամբ՝ լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման և իրականացման ընդհանուր պատկերը բավարար է եղել, իսկ լաբորատորիաների աշխատանքի ընթացքում արձանագրված շեղումները՝ սակավաթիվ։
Թթվասերի նմուշների հետազոտությամբ ևս շեղումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են արձանագրվել «Երեմյան» ընկերության 25 տոկոս յուղայնությամբ, «Արզնի կաթի» 20 տոկոս յուղայնությամբ և «Բոնիլատի» 17 տոկոս յուղայնությամբ թթվասերներում։
«Իգիթ» ընկերության «Չեչիլ» պանրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Անդրադառնալով կաթի նմուշների հետազոտությանը՝ Պիպոյանն ասել է, որ «Արզնի կաթի» արտադրանքը չի հաջողվել ստուգել, քանի որ այն խանութում առկա չի եղել՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արտադրության կասեցման պատճառով։
«Խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով։ Մնացած կաթերում վիճակը լավ է եղել»,-ասել է նա: