ԱՄՆ առևտրի նախարարությունը Չինաստանից ներմուծվող որոշ տեսակի բեռնատար կցորդների նկատմամբ սահմանում է շուրջ 260% մաքսատուրք։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, որոշման նպատակն ամերիկյան արտադրողներին պաշտպանելն է արտասահմանյան մատակարարների անբարեխիղճ մրցակցությունից։
ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Չինաստանից ներմուծվող փակ թափքով բեռնատար կցորդները վաճառվել են արհեստականորեն ցածր գներով՝ վնաս հասցնելով տեղական արտադրողներին։ Նման կցորդները հիմնականում օգտագործվում են բեռնափոխադրումների համար։
Նոր միջոցառումները ներառում են հակադեմպինգային և փոխհատուցող մաքսատուրքեր, որոնք նախատեսված են չեզոքացնելու չինական մատակարարների պետական աջակցության և այլ առավելությունների ազդեցությունը։ Որոշումը հրապարակվել է ԱՄՆ պաշտոնական Federal Register-ում և գործելու է առնվազն հինգ տարի։
Ամերիկյան արտադրողների կոալիցիայի տվյալներով՝ Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող կցորդները միասին զբաղեցնում են ԱՄՆ շուկայի շուրջ 40%-ը։ Մեքսիկայի և Կանադայի մատակարարումների վերաբերյալ առանձին քննությունները դեռ շարունակվում են։
Ամերիկյան ընկերությունները ողջունել են որոշումը՝ այն համարելով տեղական արտադրության վերականգնման հնարավորություն։
Great Dane ընկերության փոխնախագահ Քրիս Համոնդի խոսքով՝ շուրջ երկու տասնամյակ առաջ ԱՄՆ-ում գործում էր կցորդներ արտադրող մոտ 20 ընկերություն, մինչդեռ այժմ փաստացի մնացել է ընդամենը վեցը։ Նրա գնահատմամբ՝ արտասահմանյան մատակարարների հետ մրցակցությունը տարիներ շարունակ շուկայից դուրս է մղել տեղական արտադրողներին։
Որոշման արդյունքում ամերիկյան արտադրողներն արդեն պատրաստվում են ընդլայնել գործունեությունը։
Stoughton Trailers-ի ղեկավար Բոբ Ուոլինը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա վեց ամսում ԱՄՆ-ում աշխատանքի ընդունել ևս 500–700 աշխատակցի։ Ներկայում ընկերության աշխատակիցների թիվը 2 հազարից պակաս է։
Բացի այդ, Stoughton Trailers-ը մտադիր է շուրջ 26 մլն դոլարի ներդրում կատարել արտադրական հզորությունների ընդլայնման համար, ինչը կարող է նպաստել ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը։