Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» յոթ տարվա հնեցման և վրացական «Պոգրեբ Շիո» ութ տարվա հնեցման կոնյակների վաճառքը։ Այս մասին հայտնել է երկրի Պետական ստանդարտացման կոմիտեի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Կոմիտեում նշում են, որ անցկացված փորձաքննությունների արդյունքում պարզվել է՝ արտադրողների կողմից բարձրորակ արտադրանք ներկայացված երկու ըմպելիքներն իրականում չեն համապատասխանում ոչ որակի պահանջներին, ոչ էլ կոնյակ համարվելու չափանիշներին։
Ըստ գերատեսչության՝ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության, մակնշման և կոնյակի ընդհանուր տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Մասնավորապես, հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակում, որն արտադրում է Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն, դաբաղանյութերի զանգվածային խտությունը կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³՝ սահմանված նվազագույնը 0,3 գ/դմ³ լինելու պայմաններում։
Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև վրացական «Պոգրեբ Շիո» ութ տարվա հնեցմամբ կոնյակում, որի արտադրողը Վրաստանի Չիկաանի գյուղում գործող «Քվարելսկի պոգրեբ» ՍՊԸ-ն է։
Բելառուսում այս երկու տեսակի կոնյակների ներմուծումն ու վաճառքն արգելվելու է 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։