Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան․ COP17-ի շրջանակում քննարկվեց սպորտի, կրթության և բնապահպանության կապը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ևս երկու տարով վերանշանակեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան՝ վերահաստատելով երեխայի իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանում նրանց բարեկեցության ապահովմանն ուղղված համատեղ հանձնառությունը։


Հոկտեմբերի 30-ին Երևանում՝ COP17-ի շրջանակում, «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով տեղի ունեցավ պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը։ Միջոցառման ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ղասսան Խալիլն ու Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես ստորագրեցին համագործակցության երկարաձգման փաստաթուղթը։


Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր խոսքում ընդգծեց․ «Այսօր COP17-ի բանակցությունների եզրափակիչ օրն է: Վերջին երկու շաբաթների ընթացքում երկրները քննարկել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք ազդելու են մեր և մեր երեխաների ապագայի վրա: Ուրախ եմ, որ այդ քննարկումներում լսելի է դարձել նաև հայ երիտասարդների ձայնը: Իմ մարզական ճանապարհն ինձ սովորեցրել է մի պարզ ճշմարտություն՝ արդյունքները չեն գալիս մեկ օրում: Դրանք պահանջում են նպատակ, կարգապահություն և ամենօրյա աշխատանք: Նույնը վերաբերում է կրթությանը, առողջությանը և շրջակա միջավայրի պահպանությանը: Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, մենք պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով։ Սպորտը ինձ սովորեցրել է համագործակցել, հարգել ուրիշներին և երբեք չհանձնվել: Հենց այս արժեքներն են անհրաժեշտ, որպեսզի կառուցենք ավելի արդար, կայուն և երեխաների համար բարեկեցիկ աշխարհ»:


Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, անդրադառնալով Ազգային դեսպանների դերին, նշեց․ «Դուք նշեցիք ոգեշնչումը: Հենց սա է Ազգային դեսպանների առաքելության բուն էությունը: Նրանք ոգեշնչում են, որովհետև իրենց կյանքում ցույց են տվել մեծ տոկունություն, հաջողություն և կարգապահություն, իսկ սա այն է, ինչ երեխաներն ու երիտասարդները պետք է սովորեն և կիրառեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ում Ազգային դեսպանների մշակույթը երկար պատմություն ունի, որը սկսվել է կազմակերպության առաջին իսկ օրերից: Այս տարի մենք նշում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրման 80-ամյակը, որը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին: Ազգային դեսպաններն աջակցում են երեխաների իրավունքների հանրայնացմանը, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին հանդես են գալիս փաստաբանությամբ՝ կառավարության և համայնքների առջև բարձրացնելով երեխաների իրավունքների հարգման և նրանց բարեկեցությունը հասարակության մեջ առաջնահերթություն դարձնելու հարցը»:


Խոսելով կլիմայական կրթության մասին՝ Ղասսան Խալիլը հավելեց․ «Կլիմայի և կենսաբազմազանության տեսանկյունից մենք նույնպես գտնում ենք, որ կրթությունն առանցքային է, որովհետև երեխաները պետք է իմանան խնդիրներն ու լուծումները: Երեխաներն ու երիտասարդները պետք է լինեն փոփոխության կրողներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք մի շարք նախաձեռնություններ ենք մեկնարկել, որոնցից է, օրինակ, Կլիմայի փոփոխության և կլիմայական կրթության երիտասարդական խորհուրդը»:


«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա երկու տարիների նպատակներին ու առաջնահերթություններին՝ Արթուր Ալեքսանյանն ասաց․ «Հիմնական նպատակն այն է, որ խթանենք, որ երեխաները զբաղվեն սպորտով, ապրեն առողջ ապրելակերպով, որ առողջ մարդիկ մեծանան։ Եվ այնպես անենք, որ բոլոր երեխաների իրավունքները պաշտպանված լինեն, և նրանց ձայնը լինի լսելի»:

Անդրադառնալով բացօթյա մարզումներին և իր անվան մարզադպրոցի պայմաններին՝ մարզիկը նշեց․ «Ինձ համար ավելի հաճելի է դրսում բացօթյա մարզումներ անցկացնել, քան ստադիոնի մեջ, որովհետև մաքուր օդին՝ այդ բնության գրկում, ավելի լավ թթվածնով է ապահովվում մարզումներից հետո, հետո ավելի հաճելի է դրսում լինելը: Հիմնականում, երբ եղանակը թույլ է տալիս, ավելի շատ դրսում եմ մարզվում: Մեր մարզադպրոցը շատ մեծ է իր տարածքով, ու այնտեղ նաև կան դրսի մարզումների հետ կապված մեծ հնարավորություններ․ թենիսի կորտեր ունենք, ֆուտբոլի դաշտեր ունենք, նաև տարածք ունենք մարզասարքերով, որ երեխաները կարող են դրսում պարապել»:


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձավ բնապահպանական կրթությանն ու դպրոցական միջավայրին․ «Սովորելու ձևերը բազմազան են, և մենք պետք է փորձենք կրթական համակարգում ունենալ այն բազմազանությունն ու ճկունությունը, որն մեր երեխաներին ընձեռում է տարբեր իրավիճակներում ամենաարդյունավետ սովորելու հնարավորությունները: Համակարգված սովորելու գործընթացը պետք է լրացվի նախագծային ուսուցմամբ, որը մի շարք բազային հմտություններ է ձևավորում՝ սկսած խնդրի ձևակերպումից մինչև վերլուծություն: Դպրոցը պետք է ունենա կանաչ տարածք և ուսումնական գործընթացը բացօթյա կազմակերպելու հնարավորություն: Դրանով դպրոցը դառնում է նաև համայնքային կենտրոն, ինչպես, օրինակ, Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց դպրոցը, որն ունի հսկայական տարածք ու հրաշալի այգի»:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Սևանիկ» անիմացիոն շարքի առաջին երեք սերիաների բացառիկ պրեմիերան, որը ստեղծվել է երեխաների շրջանում բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment