ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է ԵԱՀԿ կողմից կազմակերպված Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության վերաբերյալ միջոցառմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 28-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Էկոհամակարգերի ամրապնդում, ապագայի անվտանգություն․ Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցությունը» խորագրով միջոցառմանը` կազմակերպված ԵԱՀԿ-ի կողմից: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է կենսաբազմազանության և անվտանգության փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը և էկոհամակարգերի դեգրադացիան կարող են բացասաբար անդրադառնալ ոչ միայն շրջակա միջավայրի, այլև պարենային և ջրային անվտանգության, կենսապահովման միջոցների, տնտեսական դիմակայունության և առօրյա կյանքի վրա։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ընդհանուր բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը կարող են նպաստել երկխոսության զարգացմանը, վստահության ամրապնդմանը և անվտանգության ու կայունության ապահովմանը։

Որպես բնապահպանական անվտանգության ոլորտում համագործակցության օրինակ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող աշխատանքներին՝ ուղղված կլիմայական դիմակայունության ամրապնդմանը, լանդշաֆտային հրդեհների համատեղ կառավարմանը և անտառային ու այլ բնության հրդեհների ռիսկերի նվազեցմանը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը որպես համագործակցության կարևոր ձեռքբերում առանձնացրել է անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ահազանգման հարցերով Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ընդհանուր բնապահպանական մարտահրավերները վերածվել երկկողմ համագործակցության կոնկրետ մեխանիզմների և համատեղ գործողությունների։

Leave a comment