Չինական ավտոարտադրողները ներքին պահանջարկի անկման պատճառով ակտիվացնում են արտահանումը

Չինական ավտոարտադրողները գնալով ավելի ակտիվորեն են փորձում ընդլայնել վաճառքն արտասահմանյան շուկաներում՝ ներքին պահանջարկի կտրուկ անկման պայմաններում։ Ինչպես հաղորդում է CNBC-ն, ավտոմեքենաների վաճառքի նվազումն ու արտադրողների միջև գնային մրցակցությունը լուրջ ճնշում են գործադրում ոլորտի շահութաբերության վրա։

Չինաստանում աշունն ավանդաբար համարվում է ավտոմեքենաների վաճառքի ամենաակտիվ շրջանը, սակայն այս անգամ բազմաթիվ ավտոսրահներ դատարկ են, իսկ որոշներն ընդհանրապես փակվել են։

Պեկինում ավտոմեքենաների վաճառքով 26 տարի զբաղվող Լի Քեն CNBC-ին պատմել է, որ, բացառությամբ համավարակի շրջանի, սա իր կարիերայի ամենավատ վաճառքի սեզոնն է։

«Նախկինում գնորդները մշտապես գալիս էին, և մենք ամեն օր գործարքներ էինք կնքում։ Այժմ շաբաթական ընդամենը երկու-երեք մեքենա ենք վաճառում։ Սա հսկայական անկում է», — նշել է նա։

Պահանջարկի նվազման հիմնական պատճառներից են չինացի սպառողների ֆինանսական վիճակի վատթարացումը, աշխատաշուկայի անկայունությունն ու պետական աջակցության կրճատումը։ Մասնավորապես, նվազել են հին ավտոմեքենաները նորերով փոխարինելու համար տրամադրվող սուբսիդիաները, ինչպես նաև էլեկտրամոբիլների գնորդներին տրամադրվող հարկային արտոնությունները։

Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով՝ երկրում վաճառվել է 13.33 մլն մարդատար ավտոմեքենա՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ 21.7%-ով պակաս։ Ասոցիացիան կանխատեսում է, որ տարեկան վաճառքը կնվազի 22%-ով՝ հասնելով 18.5 մլն ավտոմեքենայի։

Անկումը տարածվել է նաև էլեկտրամոբիլների շուկայի վրա, որը երկար ժամանակ ոլորտի աճի հիմնական շարժիչ ուժն էր։ Նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների, այդ թվում՝ ամբողջությամբ էլեկտրական մոդելների վաճառքը նվազել է 12.8%-ով։

Սպառողներն ավելի զգուշավոր են դարձել խոշոր գնումների հարցում՝ առաջնահերթություն տալով ավտոմեքենաների տնտեսողությանը, գործնականությանը և սպասարկման ծախսերին։

«Մարդիկ հաշվում են յուրաքանչյուր կոպեկը։ Իմպուլսիվ գնումներ գրեթե չեն մնացել։ Տնտեսական վատ իրավիճակի պատճառով շատերը հետաձգում են ավտոմեքենայի փոխարինումը», — նշել է Լի Քեն։

Միաժամանակ արտադրողների միջև սուր մրցակցությունը հանգեցնում է գների նվազման և շահութաբերության անկման։ Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ մինչ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր շահույթն աճել է 15.5%-ով, ավտոարտադրության ոլորտում այն կրճատվել է 22.8%-ով։

Ծախսերը նվազեցնելու նպատակով ավտոսրահները նույնպես ստիպված են տնտեսել։ Լի Քեի ավտոսրահը տեղափոխվել է ավելի ցածր վարձավճարով տարածք, սակայն վաճառողը կարծում է, որ գների հետագա իջեցումն այլևս արդյունավետ չէ․ շահութաբերությունն արդեն զգալիորեն նվազել է, իսկ գնորդները շարունակում են հետաձգել գնումները։

Ներքին շուկայի թուլացման պայմաններում չինական ավտոարտադրողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում արտահանմանը։ Սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի առևտրային սահմանափակումները կարող են խոչընդոտել այդ ծրագրերին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Պեկինը մտահոգված է չինական ավտոմեքենաների արտահանման դեմ արևմտյան երկրների հնարավոր համակարգված գործողություններով։ Միաժամանակ արտասահմանյան շուկաները գնալով ավելի կարևոր են դառնում չինական արտադրողների համար, քանի որ ներքին վաճառքի արագ վերականգնման հեռանկարները դեռևս թույլ են։

Leave a comment