Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման գործընթացը․ Կոբախիձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Թբիլիսիում վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքներով։

«Ձեզ հայտնի է, որ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում երկար տարիներ որևէ առաջընթաց չենք ունեցել։ Անհրաժեշտ է արագ առաջ շարժվել։ Սա մեր խնդրանքն ու կոչն է ադրբեջանական կողմին, որին շատ բարեկամական պատասխան ենք ստացել։ Ի վերջո, պայմանավորվել ենք արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացները»,– ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում գլխավոր խնդիրը Դավիթ Գարեջիի վանական համալիրն է, որը գտնվում է երկու երկրների սահմանագծին։

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները սկսվել են 1996 թվականին։ Սահմանի ընդհանուր երկարությունը 480 կմ է, որից 314 կմ-ի վերաբերյալ փաստաթղթերն արդեն համաձայնեցված են։

2019 թվականի մայիսին սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ հանձնաժողովը վերսկսել է աշխատանքը՝ մի քանի տարի տևած ընդմիջումից հետո։

Սահմանի վիճելի հատվածներից մեկը Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքն է, որը բաղկացած է ժայռափոր քարանձավներից։ Համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի, մյուսը՝ Վրաստանի տարածքում, ինչը պարբերաբար տարածքային վեճերի պատճառ է դառնում։

Leave a comment