ԱՄՆ-ում շոկոլադի գները շարունակում են աճել Հելոուինին ընդառաջ

ԱՄՆ-ում շոկոլադի և քաղցրավենիքի բարձր գները շարունակում են ճնշում գործադրել սպառողների բյուջեների վրա Հելոուինին ընդառաջ։ Վերջին հինգ տարում քաղցրավենիքը զգալիորեն ավելի է թանկացել, քան պարենային ապրանքների մեծ մասը, ինչի հետևանքով ամերիկացիները սկսել են կրճատել տոնական գնումները։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, վերջին հինգ տարում ԱՄՆ-ում կոնֆետների և մաստակի գներն աճել են 44%-ով, մինչդեռ տնային սպառման համար նախատեսված պարենային ապրանքների գներն ավելացել են 22.5%-ով։

Շոկոլադի թանկացման հիմնական պատճառներից մեկը կակաոյի գների տատանումներն են։ Համաշխարհային արտադրության շուրջ 70%-ը բաժին է ընկնում Արևմտյան Աֆրիկային, որտեղ բերքատվությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից։

Կակաոյի համաշխարհային գները հասել էին ռեկորդային՝ 10 710 դոլարի մեկ տոննայի դիմաց։ Հետագայում բորսայական գնանշումները զգալիորեն նվազել են, սակայն կրկին սկսել են աճել։

Շուկայի վրա ազդել են նաև Իրանի շուրջ հակամարտության հետևանքով Աֆրիկա պարարտանյութերի մատակարարման խափանումները։ Լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Էլ Նինյո կլիմայական երևույթը, որը կարող է շոգ և երաշտային եղանակ առաջացնել կակաոյի աճեցման շրջաններում։

Միաժամանակ հումքի բորսայական գների նվազումը չի նշանակում, որ պատրաստի շոկոլադն անմիջապես կէժանանա։ Արտադրողները բաղադրիչները գնում են նախապես, իսկ վերջնական գնի վրա ազդում են նաև վերամշակման, փաթեթավորման, փոխադրման ծախսերն ու առևտրային հավելագինը։

Բարձր գներն արդեն ազդում են վաճառքի ծավալների վրա։ NielsenIQ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղցրավենիքի վաճառքը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.7%-ով։

Գնորդներն ավելի հաճախ նախընտրում են կոնֆետների փոքր փաթեթավորումները, մինչդեռ մեծ հավաքածուների վաճառքը նվազում է։

Փորձագետները պահանջարկի անկումը կապում են նաև ամերիկացիների առօրյա ծախսերի աճի հետ։ Վառելիքի, բնակարանային ծախսերի և սննդամթերքի թանկացման հետևանքով ընտանիքներն ավելի քիչ ազատ միջոցներ ունեն տոնական գնումների համար։

Leave a comment