«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանն այսօր հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հանդիպման հիմնական նպատակն առաջիկա ձմեռային սեզոնին ճանապարհների պահպանման և սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցերի քննարկումն էր։
Արկադի Չերչինյանն իր խոսքում ընդգծել է, որ կապալառու բոլոր կազմակերպությունները պետք է պատշաճ և ժամանակին պատրաստվեն ձմեռային սպասարկման աշխատանքներին՝ ապահովելով աղի և ավազի անհրաժեշտ պաշարներ, ինչպես նաև նախապատրաստելով մասնագիտացված տեխնիկան ու սարքավորումները։ Նա կարևորել է աշխատանքների կազմակերպման նկատմամբ հետևողական մոտեցումը՝ ձմռան ամիսներին ճանապարհներին անվտանգ և անխափան երթևեկություն ապահովելու նպատակով։
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի պատրաստվածությանը, ֆինանսական խնդիրներին, ճանապարհների աղտոտման դեպքերին և այլ հարցերի։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ըստ տարածաշրջանների ձմեռային սպասարկման առանձնահատկություններին։ Ընդգծվել է, որ աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն ու ճանապարհային առանձնահատկությունները։ Մասնավորապես, բարձրլեռնային գոտիներով և լեռնանցքներով անցնող ճանապարհների սպասարկումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։
Հանդիպման ընթացքում կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք կուսումնասիրվեն հիմնադրամի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ հետագա աշխատանքներում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։