ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։
Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։