Եվրոպայում վառելիքի գների կտրուկ աճի հետևանքով Եվրամիությանը դժվար ձմեռ է սպասվում։ Ակնկալվում է, որ խնդիրը կպահպանվի նաև 2027 թվականին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը՝ ամփոփելով Եվրահանձնաժողովի և եվրոպական նավթավերամշակող գործարանների ներկայացուցիչների միջև անցկացված խորհրդակցությունների արդյունքները։
«Աշխարհաքաղաքական անկայունության հետևանքով Եվրոպան կրկին բախվել է էներգետիկ ճգնաժամի։ Այս ձմեռը շատ դժվար կլինի Եվրոպայի բնակիչների և արդյունաբերության համար։ Եվրոպայում վառելիքի գները «երկինք են թռել», ինչը հատկապես անդրադարձել է ավիացիոն վառելիքի գների վրա։ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև 2027 թվականին», — հայտարարել է Յորգենսենը։
Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ էներգետիկ ճգնաժամը սկսվել է դեռևս 2022 թվականին։
Ռուսական գազի մատակարարումների գնման արգելքը, որի մշակմամբ զբաղվում է Դան Յորգենսենը, եվրոպական երկրներն ընդունել են դեռևս 2025 թվականին։ Ակնկալվում է, որ այն կսկսի գործել 2027 թվականից։
Միաժամանակ եվրահանձնակատարը համակարգում է նաև ռուսական նավթի և նավթամթերքի նկատմամբ արգելքի մշակումը, սակայն համապատասխան առաջարկը դեռ չի ներկայացվել ԵՄ-ին։
Յորգենսենի խոսքով՝ երկու արգելքներն էլ պետք է երկարաժամկետ բնույթ կրեն և շարունակեն գործել նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։