Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա և անակնկալի է գալիս։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին, հիմնականում մայրացուներ, հոշոտել են. 35-ից ավելին սատկել են, իսկ մոտ 30-ն էլ վիրավոր են և հույս չկա, որ կապրեն։
Դեպքի մասին տուժած ընտանիքի անդամները դիմել են ոստիկանության Ապարանի բաժին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասել են. «Մեր գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ գայլերի ոհմակը նման սպանդ իրականացնի։ Եղել են դեպքեր, անգամ վերջերս, որ արջն է իր սև գործն արել։ Այս գյուղը նաև հայտնի է, որ շատ հաճախ արջերը մտնում կամ մեղվի փեթակներ են ավիրում, կամ ոչխարներ հոշոտում, բայց որ գայլը մտներ, երբևէ մեր մտքով էլ չէր անցել։
Հիմա խնդրանքով ուզում ենք դիմել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, որպեսզի հնարավորության դեպքում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնել։ Ընտանիքը բազմազավակ է, 4 անչափահաս կա, և իրենց հանապազօրյա հացը վաստակում էին արդար քրտինքով՝ գառներ պահելով»։