Երևանում 2024 թվականի հունիսի 11-ին սպանված Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման գործով դատական գործընթացը շարունակում է ուշագրավ զարգացումներ արձանագրել։
Գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի», և Աշոտ Կյուրեղյանի նկատմամբ դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած՝ տնային կալանք կիրառելու որոշումները կրկին հայտնվել են Վերաքննիչ դատարանի ուշադրության կենտրոնում։ Վերջին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը բեկանել է հոկտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ավանի նստավայրի թիվ 9 դահլիճում նշանակված է գործով հիմնական դատալսումը։
Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են Ռուստամ Ստեփանյանը և Աշոտ Կյուրեղյանը, որոնք մեղադրվում են Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու և մյուս մասնակիցների գործողությունները ղեկավարելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք նախնական համաձայնությամբ կազմակերպել և ղեկավարել են Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ էլ տեղի է ունեցել սպանությունը։
Դատավոր Մասիս Մելքոնյանի՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշումները նախկինում ևս բեկանվել են վերադաս ատյանի կողմից։ Մասնավորապես, դեռևս հունիսի 10-ին, երբ դատարանը պետք է հրապարակեր գործով դատավճիռը, դատավոր Մելքոնյանը որոշել էր լրացուցիչ ապացույց հետազոտելու անհրաժեշտությամբ պայմանավորված հետաձգել դատավճռի հրապարակումը և մեղադրյալների նկատմամբ կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 5 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել էր այդ որոշումը։
Սեպտեմբերի 28-ին դատավոր Մասիս Մելքոնյանը կրկին փոխել էր Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի խափանման միջոցը՝ նրանց նկատմամբ կիրառելով տնային կալանք։ Դրանից հետո դատախազությունը կրկին բողոք էր ներկայացրել՝ պահանջելով մեղադրյալներին վերադարձնել կալանքի տակ։ Հոկտեմբերի 29-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այսպիսով, ծանրագույն հանցագործության կազմակերպման մեջ մեղադրվող անձանց խափանման միջոցի հարցը դատական երկու ատյանների միջև շարունակական տարաձայնությունների առարկա է դարձել` ստեղծելով նաև իրավական անորոշություն և դատական հակասություններ:
Հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ ձևավորվում է ոչ միայն վերջնական դատավճիռներով, այլ նաև մինչդատական ու դատական քննության ընթացքում կայացվող որոշումների տրամաբանությամբ և հետևողականությամբ։ Երբ նույն քրեական գործով առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի մոտեցումները շարունակաբար հակադրվում են, առաջանում են հարցեր դատական որոշումների հիմնավորվածության և իրավական կանխատեսելիության վերաբերյալ։
Իհարկե, խափանման միջոցի ընտրությունը դատարանի իրավասությունն է, և յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի կոնկրետ գործի հանգամանքների, առկա ռիսկերի ու օրենքի պահանջների վրա։ Սակայն նույն գործով որոշումների կրկնվող բեկանումները հանրային ուշադրություն են հրավիրում այն հարցի վրա, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանը շարունակաբար ընտրում տնային կալանքը, իսկ վերադաս ատյանը դրանք բավարար չի համարում։
Առանձին ուշադրության է արժանի նաև դատավարության ընթացքը։ Դեռևս հունիսին սպասվող դատավճռի հրապարակումը հետաձգվել էր, քանի որ դատարանը լրացուցիչ ապացույց հետազոտելու անհրաժեշտություն էր տեսել։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վկայի հարցաքննության մասին է։ Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը իրավական փոխօգնության շրջանակում դիմել էր ռուսական կողմին՝ տեսակապով հարցաքննություն կազմակերպելու համար, սակայն հոկտեմբերի 24-ի դրությամբ պատասխանը դեռ ստացված չէր։
Հիշեցնենք` Սերգեյ Գրիգորյանը սպանվել է 2024 թվականի հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Դեպքը տեղի էր ունեցել Էստոնական փողոցի հարակից հատվածում։ Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել երեք տղամարդ, որոնց թվում էր նաև Սերգեյ Գրիգորյանը, որը ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության, սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք պահելու հատկանիշներով։