Եվրոպական միությունը ուշադիր հետևում է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հայերի կալանավորմանը և դատավարություններին և Ադրբեջանին կոչ է արել հարգել իրավական ընթացակարգերը, ինչպես նաև ապահովել, որ «պատերազմական հանցագործությունների և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ մեղադրանքները քննվեն թափանցիկ». սա հատված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի՝ 2025-ի նոյեմբերի 17-ին գրած նամակից՝ ի պատասխան Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հարցման։
Եվրոպական խորհրդարանի 18 պատգամավոր 2025-ի հոկտեմբերի 13-ին դիմել էր Եվրահանձնաժողովի նախագահին՝ բարձրացնելով ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող 23 հայ պատանդների հարցը։ Նամակագրությունը հասանելի է դարձել ՍիվիլՆեթին իր աղբյուրներից, որոնք ցանկացել են մնալ անանուն։
Պատգամավորները նշում են, որ կեղծ դատավարությունները հակասում են Ադրբեջանի՝ խաղաղության և միջազգային նորմերին հավատարիմ լինելու հայտարարություններին։ Նրանք խնդրում են «հարցը բարձրացնել քաղաքական ամենաբարձր մակարդակով»։
«Ցավով արձանագրում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ միջազգային միակ կառույցը, որը հասանելիություն ուներ Բաքվում պահվող հայ գերիներին և պատանդներին, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի կառավարության պահանջով ստիպված էր փակել իր գրասենյակը։ Արժանահավատ տեղեկություններ են ստացվել, որ երկու հայ պատանդ փորձել են ինքնասպանություն գործել, որոնցից մեկը ներկայում հացադուլի մեջ է»,- նշվում է նամակում։
Պատգամավորները Ֆոն Դեր Լեյենին կոչ են անում դիվանագիտական անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու բոլոր հայ պատանդների անվերապահ ազատ արձակումը։
Պատասխան նամակում Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծում է, որ տեղահանված բոլոր անձինք՝ անկախ ծագումից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տներ՝ առանց վախի, ճնշման և խտրականության։
«Եվրոպական միությունը ակտիվ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և, այդ համատեքստում, որպես վստահության ամրապնդման միջոց՝ շարունակում է կոչ անել ազատ արձակել և հայրենադարձել հակամարտության հետ կապված բոլոր կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից»,- նշվում է Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի պատասխանում։
Ադրբեջանը 2026-ի հունվարի 14-ին Հայաստանին վերադարձրեց չորս գերիների, ինչի դիմաց Հայաստանն էլ ազատ արձակեց 2020-ի Ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերի դեմ կռված և գերեվարված սիրիացի երկու վարձկանների։ Այս նամակագրությունը տեղի ունեցել դրանից առաջ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին դիմած 18 պատգամավորները ներկայացնում են չորս խմբակցություն։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (Քրիստոնեա-դեմոկրատներ), որը Խորհրդարանում ունի 188 տեղ, նամակը ստորագրել են Միրիամ Լեքսմանը (Սլովակիա), Ռասա Յուկնևիչիենեն (Լիտվա), Մասիմիլիանո Սալինին (Իտալիա), Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա), Յան Ֆարսկին (Չեխիա), Քշիշտոֆ Բրեյզան (Լեհաստան), Տոմաշ Զդեխովսկին (Չեխիա), Ֆրանսուա-Քսավյե Բելամին (Ֆրանսիա) և Դիրկ Գոտինկը (Նիդերլանդներ)։
«Վերականգնել Եվրոպա» (Renew Europe) խմբակցությունից (77 տեղ) ստորագրել են Նատալի Լուազոն (Ֆրանսիա) և Դայնյուս Ժալիմասը (Լիտվա)։
Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքից (S&D), որը երկրորդ ամենամեծ ուժն է՝ 133 տեղով, ստորագրել են Վասիլե Դընկուն (Ռումինիա), Նիկոս Պապանդրեուն (Հունաստան), Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) և Թայս Ռյոյտենը (Նիդերլանդներ)։ Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ խմբակցությունից (78 տեղ) նամակը ստորագրել են Էմանուիլ Ֆրագկոսը (Հունաստան), Գեադիս Գեադին (Կիպրոս) և Նիկոլա Բայը (Ֆրանսիա)։
Ներկայում Ադրբեջանում պահվող հայ պատանդների թիվը պաշտոնապես 19 է։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, և դատավճիռ դեռ չկա։
Ադրբեջանը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարել է 2023-ի սեպտեմբերի վերջին – հոկտեմբերի սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո։
Լուսինե Վարդանյան, Բրյուսել
The post Ֆոն Դեր Լեյենը նամակարգությունում վստահեցրել է՝ հայ գերիների հարցը «քննարկվում է ամենաբարձր մակարդակով» appeared first on CIVILNET.