Հայկական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Բարեդ Մարոնյանի 10 Years On: The Yazidi Genocide («10 տարի անց․ եզդիների ցեղասպանություն») վավերագրական ֆիլմը Կանադայում Forest City Film Festival կինոփառատոնում արժանացել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակին (Best Documentary Feature), Instagram-ում հայտնել է ռեժիսորը։
Ֆիլմի ցուցադրությունն անցել է Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Ֆիլմը պատմում է «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանության և գերության ու սեռական ստրկության միջով անցած կանանց ճակատագրերի մասին։ Ֆիլմի կենտրոնում երկու վերապրածի պատմություններն են, որոնք փորձում են վերականգնել իրենց կյանքը։
Հայաստանը եզդիների ցեղասպանությունը ճանաչել էր 2018 թվականի հունվարին։ Երկրում է ապրում Իրաքից դուրս ամենամեծ եզդիական համայնքը, իսկ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվում է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարներից մեկը։
Մարոնյանը հայկական ծագմամբ ամերիկացի վավերագրող է, տարածաշրջանային «Էմմի» մրցանակի չորսակի դափնեկիր և Armenoid Productions կինոընկերության հիմնադիր։ Իր աշխատանքներում նա անդրադառնում է պատմական իրադարձություններին, ցեղասպանություններին, մարդու իրավունքների խախտումներին և բռնության ենթարկված համայնքների ճակատագրերին։
Նրա հայտնի ֆիլմերից են «Ցեղասպանության որբերը», «1915-ի կանայք» և «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում»։ Վերջինն այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում Chagrin Documentary Film Festival-ում արժանացել էր «Սոցիալական թեմայով լավագույն վավերագրական ֆիլմ» (Best Social Awareness Documentary) անվանակարգի մրցանակին։՛