«Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի Ազգային ժողովն այդպես էլ չի վավերացրել Ցեղասպանության մասին կոնվենցիան։ Չեմ կարծում, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես չունի միջազգային սուբյեկտայնություն։ Խիստ հակառակը՝ կան գիտական հոդվածներ, որոնք ապացուցում են, որ չճանաչված պետությունները, հատկապես երբ 30 տարի քննարկվել են միջազգային հանրության ամենաբարձր մակարդակներում, ունեն միջազգային մասնակի սուբյեկտայնություն։ Այդ մասնակի սուբյեկտայնությունը պետք էր անընդմեջ, ինչ-որ ձևով, արտահայտվեր Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ Ազգային ժողովի կողմից։
2023 թվականից հետո էլ չեմ տեսնում, որ Արցախի Ազգային ժողովը գործնականում այնպիսի քայլեր ու դիմումներ ուղղեր միջազգային հանրությանը։ Կապ չունի՝ տեսնում են, թե չեն տեսնում, լսում են, թե չեն լսում։ Չեմ տեսնում այն պահանջված ակտիվությունը, որը պետք է ցուցաբերի Ազգային ժողովը»,- այսօր «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP 17-ի համատեքստում» քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նաև հարցրեց, թե ինչու Ազգային ժողովը չի վավերացնում Ցեղասպանության մասին կոնվենցիան. «Եթե չեք վավերացնում, ի՞նչ իրավունքով եք խոսում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է գործել, այս է արել, այն է արել»։
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ 33 պատգամավորներից մեկն է և չի կարող ամեն անգամ նախաձեռնողականություն ցուցաբերել ու ամեն անգամ իր ձեռքը վերցնել հարցի բարձրաձայնումը։
«Իհարկե, միտքը լավն է։ Հենց այստեղից հորդորում եմ Հանրային խորհրդին, որը ներկայացնում է նաև ժողովրդի դիրքորոշումը, այս իրավիճակում, որում մենք գտնվում ենք, երբ կապի խնդիրներ անընդհատ ունենք, ժողովրդի պահանջը ներկայացնել Ազգային ժողովին, իսկ ԱԺ-ն շատ դեպքերում ստիպված կլինի ականջալուր լինել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Լարիսա Ալավերդյանին արձագանքեց նաև Արցախի նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ թվարկելով, թե ինչ կոնվենցիաներ են ժամանակին ընդունել։
«1993-1994 թվականներին Արցախի Գերագույն խորհուրդն ընդունել է Ժնևի կոնվենցիաները՝ պատերազմի տարիներին։ Այսինքն՝ որևէ սպասում չի եղել, որ տեսնենք՝ պատերազմը կավարտվի, որովհետև հենց այդ ժամանակներին էր դա պահանջված։
2010-2015 թվականներին Ազգային ժողովը նույնպես ընդունել է մի քանի միջազգային կոնվենցիաներ։ Երևի այդպիսի սպասումներ չկային, որ մենք պետք է անդրադառնանք հենց ցեղասպանության հարցին, բայց շատ ճիշտ ու դիպուկ կլինի, որ հենց այս ժամանակահատվածում Արցախի ԱԺ-ն վերադառնա միջազգային կոնվենցիաներ ընդունելու իր պրակտիկային՝ դրանով ապացուցելու, որ ԱԺ-ն գործում է ոչ միայն ներքին հարցերը քննարկելու և դրանց լուծումները տալու, այլև միջազգային սուբյեկտայնությունը հաստատելու իմաստով»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
Ղուլյանը նաև հիշեց, որ 1997 թվականի օգոստոսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնակատարի անունից ՄԱԿ-ում մի փաստաթուղթ էր տարածվել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված էին այն ժամանակ արդիական թեմաները, որոնք Ադրբեջանն ամենամեծ ակտիվությամբ ներկայացնում էր միջազգային ատյաններում։
«Խոսքը վերաբերում է մեկ միլիոն փախստականների վերադարձին ու տարածքներին։ ՄԱԿ-ում տարածված այդ փաստաթղթում ամենայն մանրամասնությամբ գրված էր՝ որ շրջանից որքան մարդ է դուրս եկել, որ շրջանից որքան տարածք է ազատվել։ Մինչև 1997 թվականը Ադրբեջանն ամենամեծ ակտիվությամբ խոսում էր մեկ միլիոն փախստականների ու 20 տոկոս տարածքների մասին։ ՄԱԿ-ում տարածված այդ փաստաթուղթն օգնեց, որ մի շարք միջազգային կազմակերպություններ ու պետություններ իրականությունն իմանան հենց առաջին աղբյուրից»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: