Հոկտեմբերի 29-ին COP17-ի շրջանակում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Շրջակա միջավայր և հասարակություն․ սոցիոլոգիական հայացք» խորագրով պանելային քննարկումը։ Միջոցառումը մեկտեղել էր սոցիոլոգիայի, հոգեբանության, կլիմայական ռիսկերի ու կրթության ոլորտի առաջատար մասնագետներին՝ բացահայտելու մարդու և բնության փոխհարաբերությունների խորքային ճգնաժամերն ու հնարավոր ելքերը։
Քննարկման առանցքում հասարակության կողմից բնության նկատմամբ որդեգրված սպառողական մոտեցումն էր։ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն իր ելույթում անդրադարձավ մարդու և միջավայրի հարաբերությունների պատմական ու մշակութային շեղումներին՝ շեշտելով, որ ժամանակակից աշխարհում բնական միջավայրն արհեստականորեն ստորադասվել է․ «Մենք մի տեսակ կապիտալիստական աշխարհի մեջ մտնելով՝ որոշեցինք, որ քաղաք կառուցելը պետք է տեղի ունենա կանաչ գոտու հաշվին։ Մենք շատ հեշտ ենք ծառ կտրում։ Եվ եթե նայենք, թե ինչպես է դեգրադացվել մեր Բուսաբանական այգին կամ Մանթաշյան այգին, տեսնում ենք, որ մարդիկ փող ունեն, առնում են թույլտվություն, և ծառի փոխարեն տուն են կառուցում։ Դուք Ծաղկաձորում եթե եղել եք վերջին հինգ տարիներին, կտեսնեք, որ այլևս Ծաղկաձոր չէ՝ ոչ ծաղիկ կա, ոչ ձոր կա․ ծաղկում է միայն շինարարական բիզնեսը»։
Պրոֆեսորն ուշագրավ զուգահեռ անցկացրեց նաև մեր առօրյա վարքագծի ու հիշատակի մշակույթի միջև՝ նշելով, որ անգամ գերեզմանների կառուցապատման հարցում հայկական միջավայրում քարը գերադասվում է կենդանի բնությունից․ «Հայկական գերեզմանն ամբողջությամբ քարերից է բաղկացած, և մենք հպարտ ենք, ասում ենք՝ խաչքար, մի հատ ծառ չկա մեր գերեզմաններում։ Մինչդեռ կաթոլիկ, եվրոպական կամ ռուսական գերեզմաններում դաշտեր են, խոտ է, ծառեր են։ Մարդուն ի հիշատակ իր հարազատներն այնտեղ կենդանի մի բան են տնկում՝ ծառ, որպեսզի այն աճի ու փոխվի, իսկ մենք կարծես մեր մարդու վրա մի քար ենք դնում։ Ինչո՞ւ ենք մտածում, որ քարն ավելի լավ է, քան ծառը, չէ՞ որ քարը ոչ մի բան չի տալիս էկոլոգիայի առումով»։
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր հերթին ներկայացրեց հասարակական հարցումների տվյալներն ու շեշտեց կոլեկտիվ ջանքի անհրաժեշտությունը․ «Եթե 2021 թվականին ընդամենը 7%-ն էր բնապահպանական հիմնախնդիրները համարում կարևորագույն, 2024-ին արդեն 11%-ն է այդպես կարծում։ Սակայն թե ինչպես է դա դրսևորվում վարքագծում, այլ հարց է։ Մարդը ասում է՝ ծխելը վնասակար է, տուփի վրա գրված է, որ առաջացնում է ուռուցք, բայց ծխում է՝ իրեն վնասելով։ Այնպես, ինչպես մենք մեր բնությանը վնասելով՝ վարքագծում չենք փոխում համապատասխան նորմերը»։
Խաչիկյանը հավելեց, որ տնտեսական շահը չպետք է գերակայի էկոլոգիական անվտանգությանը․ «Մի հայտնի ասացվածք կա․ երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, և կսատկի վերջին թռչունը, այդ ժամանակ կհասկանան, որ փողը հնարավոր չէ ուտել։ Տնտեսությունը կարևոր է, բայց այն չի կարող առաջընթաց ապրել բնության զոհողությամբ»։
Կլիմայի փոփոխության և ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցում) մասնագետ Վիգեն Շիրվանյանն իր ելույթում կենտրոնացավ կրթական համակարգի, PISA-ի (Programme for International Student Assessment) հետազոտության ցուցանիշների և գործնական կարողունակությունների բացակայության վրա․ «PISA-ի հետազոտության տվյալներով՝ Հայաստանի դեպքում 15-ամյա դեռահասների միայն 27%-ն է տիրապետում բնապահպանական գիտության կարողունակությանն ու դրա կիրառելիությանը, այն դեպքում, երբ OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրներում միջինը 74% է։ Բարձր տոկոսները վկայում են, որ իրենք լսել են, գիտեն թե դա ինչ է, բայց զուտ գործողության ու կիրառելիության մեջ այդ բացը կա։ Երեխաները կարող են դպրոցում սովորել շատ բաներ, բայց առօրյա կյանքում ընտանիքներում կամ մեծահասակների կողմից այլ բան տեսնեն, և այդ վարքագիծը լինի բոլորովին տարբեր»։
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանն էլ անդրադարձավ միջավայրային ճգնաժամերի հոգեբանական ու անվտանգային ասպեկտներին․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում կա մի հետաքրքիր արտահայտություն․ չկա առողջություն առանց հոգեկան առողջության։ Հոգեկան առողջությունը նայում է երկրի անվտանգային հարցերին ընդհանուր։ Երբ տեղի է ունենում միջավայրային լուրջ փոփոխություն, մարդու մոտ առաջին ռեակցիաները վախն են ու տագնապի զգացումը։ Երբ կա տագնապ կամ վախ, այն կարող է չգիտակցված նաև մեղքի զգացումով զուգակցվել՝ արդյո՞ք ես պետք է մի բան անեի, որ չէի արել, կամ արդյո՞ք պետք է մի բան չանեի, որ արել եմ»։
«Առավոտի» հետ զրույցում Արթուր Աթանեսյանը մանրամասնեց կոլեկտիվ և անհատական գործողությունների ավանդական մեխանիզմների վերականգնման անհրաժեշտությունը․ «Ես կարծում եմ, որ մենք ունենք ավանդական մեխանիզմներ կոլեկտիվ գործողության և անհատական գործողության։ Կոլեկտիվ գործողություն իրականացնելու համար պետք է ավելի մոտ լինել մեր ընտանիքներին, մեր ընկերներին, մեր միջավայրին, բակին։ Այն շրջապատը, որը միշտ եղել է մարդու շուրջ և մարդու կողքին, անփոխարինելի է վիրտուալ տարածությամբ։ Մենք չենք կարող վիրտուալ ընկերներով փոխարինել իրական ընկերներին, և դա չպետք է մոռանալ։ Այսօր բողոքում են, օրինակ, որ երեխաները տնից դուրս չեն գալիս, նստած են հեռախոսների մեջ։ Սա է, որ պետք է փոխել, հակառակ դեպքում իսկապես բոլորս դառնալու ենք սլակտիվիստ՝ ուղղակի խոսող»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նմանօրինակ հարթակներն ու ձևաչափերն ինքնին էլիտար սլակտիվիզմի դրսևորում չեն, պրոֆեսորն ընդգծեց. «Մեզնից է կախված, սա ընդամենը հարթակ է, շատ լավ, հարմար հարթակ, և այն պետք է օգտագործել գործողության դիմելու համար։ Մենք այստեղ նոր մարդկանց հետ ենք ծանոթանում միասին գործ անելու համար, և ոչ թե ուղղակի խոսելու և գնալու»։
Արգինա Փահլևանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: