Այն ծեծկռտուքը, որը տեղի ունեցավ խորհրդարանում, առանձնապես արտառոց դեպք չէր։ Նման իրարանցում տեղի է ունենում աշխարհի բոլոր խորհրդարաններում, սակայն այդպիսի դեպքերը հերթական լակմուսի թուղթն են, որը ի ցույց է դնում երկրի ղեկավարի արժեքային համակարգն ու մարդկային որակները։ Դրանք նաև պարզում են՝ երկրի ղեկավարն իրո՞ք գործիչ է, թե՞ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող արկածախնդիր։
Սովորաբար պետական գործչի որակներով կարող են և չծնվել, սակայն դառնալ այդպիսին կամ չդառնալ քաղաքական գործունեության արդյունքում։ Լինում են նաև դեպքեր, երբ մարդը հասնում է երկրի ղեկավարի աթոռին, սակայն այդպես էլ մնում Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակներ»-ում։
Էլի եմ շեշտում՝ ծեծկռտուքներ լինում են գրեթե բոլոր երկրների խորհրդարաններում, բայց, ի տարբերություն պատգամավորների, երկրի ղեկավարը հանդես է բերում պետական գործչին վայել պահվածք, դատապարտում է նման գործելաոճն ու խոսում ողջ երկրի ղեկավարի դիրքերից, այլ ոչ թե հանդես գալիս որպես նեղ կուսակցապետ։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղի ունեցած կռվից հետո։ Նախ՝ ֆեյսբուքյան իր էջում արեց հետևյալ գրառումը. «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ», այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պետք լինի՝ ձեռքերն էլ կջարդեն, աթոռով էլ կջարդեն, ու այդպես կլինի միշտ։
Նման արձագանքը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն այնպիսի մարդու հետ, որը զուրկ է պետական մտածելակերպից, այլև մեկի, որն ունակ է ցանկացած հանցագործության ու հանցագործության պարտակման, որը տեղի է ունեցել իր մերձավոր թիմակիցների կողմից։
Նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս վառեց հետագա բոլոր բռնարարքների ու հանցագործությունների առջև։ Նման մոտեցմամբ Նիկոլ Փաշինյանը վերջին քարը դրեց թվացյալ ժողովրդավարության վրա՝ փաստելով, որ այսուհետ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե իրավական ճանապարհով, այլ բռունցքով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ազդարարեց բռնապետության վերջնական հաղթանակը Հայաստանում։
Ինչ վերաբերում է նրա ֆեյսբուքյան գրառմանը, ապա վերցրեք նրանից բոլոր այն ուժային լծակները, որոնց տիրապետում է, տակը ոչ ոք չի մնա։
Կարեն Կարապետյան