Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել, ու դա իմ շնորհքն է. Ռուբինյան

«Ես ԱԺ նիստում ասել եմ՝ կամ լինում ենք բարեկիրթ, կամ, ինչպես ընդդիմությունն է իրեն պահում, այսպես պատասխան կստանա։ Տվյալ պահին Նարեկ Կարապետյանը սկսել է ծեծկռտուքն ու, ըստ որոշ գնահատականների, ստացել է արժանին։ Ես դրա համար պատասխանատու չեմ, որովհետև, կրկնում եմ, ես չեմ հրահանգել Նարեկ Կարապետյանին վիրավորել պատգամավորին ու սադրել ծեծկռտուք։ Եթե հետո պետք է գային բողոքեին, որ իրենց հետ նման բաներ են եղել, թող չսկսեին այդ ծեծկռտուքը։ Դրա համար պատասխանատու չեմ։ Բայց իրենք բոլորը պետք է ինձ շնորհակալություն հայտնեն, որ կանխել եմ ավելի վատը, ինչը կարող էր իրենց հետ լինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի անգամ կրկնեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով պատգամավորների միջև այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին ծեծկռտուքի վերաբերյալ, որը հայտարարել էր, թե հիասթափված է, Ռուբինյանն ասաց. «Ես էլ եմ հիասթափված։ Ո՞նց եք պատկերացնում, որ մեզ պետք է վիրավորեն ու խփեն, ու ոչ մի բան չլինի՞»։

Ռուբինյանը գովեց իր գործընկերներին՝ վստահեցնելով, որ իրենք զուսպ են եղել, և որ նախկինում էլ ընդդիմադիր պատգամավորները նման գործողություններ են թույլ տվել, սակայն համարժեք պատասխան չեն ստացել։

«Մենք դիմացել ենք, երբ վիրավորել են մեզ, մեր ընտանիքներին, բայց երբ եկել են արդեն սկսել հարվածել մեր պատգամավորներին, պարզ է, որ պետք է ստանային պատասխան։ Այդքանով հանդերձ՝ հասկանում եք, չէ՞, թե որքան բարեգութ են գտնվել։ Չգիտեմ՝ նախախնամությո՞ւնն է, թե՞ ինչ է, բայց Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել, ու դա իմ շնորհքն է»,- ասաց Ռուբինյանը։

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment