Արցախցիների ավելի քան 600 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել արցախյան հասարակական կազմակերպություններին սեփական տաղավարով ներկայանալ COP17 գագաթնաժողովի կանաչ գոտում։

Հոկտեմբերի 29-ին արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն, «Արցախի միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ ՀԿ-ները դիմել են ու մերժում ստացել, ընդ որում՝ առանց որևէ հիմնավորման։ Բեգլարյանը դա բացատրում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ, որը հանգում է Արցախի ուրացմանն ու Ադրբեջանի հանցագործությունների լեգիտիմացմանը։

Նա հիշեցրեց, որ COP-ը ՄԱԿ-ի՝ կենսաբազմազանության հարցերով հայտնի համաժողով է, որն ինքնին լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ՝ մարդկությանը հուզող խնդիրների քննարկման հարթակ է ծառայում։ Քանի որ ժողովուրդները նույնպես կենսաբազմազանության մաս են կազմում, այս համատեքստում քննարկվում են նաև նրանց իրավունքները։ Ուստի, համաժողովի շրջանակում ՀԿ-ները ծրագրել էին բարձրաձայնել արցախցիների իրավունքների վերականգնման հարցն ու ներկայացնել օկուպացիայի ընթացքում Արցախի բնական և մշակութային միջավայրի նկատմամբ Ադրբեջանի իրագործած ցեղասպանական գործողությունները։

Բեգլարյանի խոսքով՝ միջազգային կազմակերպություններն ու այլ պետություններ մշտապես հղում են անում Հայաստանի իշխանությունների որոշումներին։ «Որքան էլ մենք բարձրացրել ենք վերադարձի և ժառանգության պահպանման իրավունքի հարցը, մեզ միշտ մատնանշում են Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը»,- նշել է նա՝ հավելելով, որ որոշակի արդյունքի հասնելու համար քաղաքացիական հասարակությունն ինքը պետք է պահանջատեր լինի, սակայն քանի դեռ Հայաստան պետությունը չի կանգնում արցախցիների իրավունքների պաշտպանության դիրքերում, որևէ էական արդյունք չի լինի։

Այդուհանդերձ, արցախցիները չեն հրաժարվում միջազգային ատյաններ դիմելու մտադրությունից։ 1300 արցախցու անունից արդեն իսկ ավելի քան 600 գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ուղարկել ևս մի քանի հարյուրը։ «Մեր վերադարձի և գույքային իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ է կիրառել ՄԻԵԴ-ի գործիքակազմը։ Նախատեսվում է դիմել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ Դրանք նախադեպային որոշումներ կլինեն բոլոր արցախցիների համար։ Սա կարևոր դիվանագիտական գործիք է», – արձանագրել է Բեգլարյանը։

NEWS.am

Leave a comment