Ինչու՞ բնապահպանական գիտակցությունը չի վերածվում գործողության
Յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր էկոլոգիային․ այս գաղափարի շուրջ ծավալվեց քննարկումը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կազմակերպած պանելային հանդիպմանը։
Պանելային քննարկման խոսնակներն անդրադարձան երեք հիմնական թեմաների՝ էկոլոգիական անվտանգություն և հանրային անվտանգության առաջնահերթությունների հիերարխիա, բնապահպանության և հոգեբանության փոխհարաբերություն, էկոլոգիական կրթություն և հանրային իրազեկվածություն։
Քննարկման խոսնակներից քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի փորձագետ Արթուր Աթանեսյանը խոսեց հայաստանյան հասարակության մեջ տարածված և բնապահպանության, առողջ բնական միջավայրի և կենսակերպի հետ անհամատեղելի բարքերի մասին։ Մասնավորապես, նա անդրադարձավ բնության հանդեպ սպառողական վերաբերմունքին՝ բնությունից օգտվելու, այն սպառելու, բնությունը որպես հանգստավայր դիտարկելու, այն օգտագործելու և չվերականգնելու համատարած մոտեցմանը, ինչպես նաև բնության հաշվին սոցիալական միջավայրն ընդլայնելու վարքագծին։ Նա խոսեց նաև սլակտիվիզմից՝ (Slacktivism) առցանց ակտիվիզմից, որը մեր իրականության մեջ ոչ թե լրացնում է, այլ՝ փոխարինում իրական գործողությունները։
«էկոլոգիական անվտանգությունն այսօր շարունակում է հանրության ընկալումներում ամենավերջին տեղը զբաղեցնել։ Մինչդեռ շրջակա միջավայրի առկա մարտահրավերները՝ օդի աղտոտվածություն, ծառահատումներ և դրանցից բխող բազմաթիվ խնդիրներ, շարունակում են քայքայել և՛ մեր բնությունը, և՛ առողջությունը»,- ասաց Արթուր Աթանեսյանը։
Անդրադառնալով էկոլոգիական կրթության և հանրային իրազեկվածության հիմնախնդրին՝ կլիմայի փոփոխության և ԱՌՆ մասնագետ Վիգեն Շիրվանյանը ընդգծեց, որ Հայաստանում դեռահասների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունն ու դրանց լուծմանը մասնակցելու պատրաստակամությունը բավականին բարձր են, սակայն գիտելիքը միշտ չէ, որ վերածվում է գործնական կարողությունների և պատասխանատու վարքագծի։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն կրթական չէ․ երեխաները սովորում են ոչ միայն դպրոցում, այլև հասարակությունից՝ տեսնելով, թե իրականում ինչ արժեքներ և առաջնահերթություններ են կարևորում մեծահասակներն ու հաստատությունները։
Շիրվանյանը կարևորեց բնապահպանական կրթության անցումը գիտելիքի փոխանցումից դեպի գործնական և մասնակցային ուսուցում, որը երեխաներին հնարավորություն կտա ուսումնասիրելու իրենց համայնքների բնապահպանական խնդիրները, առաջարկելու լուծումներ և ներգրավվելու որոշումների կայացման գործընթացներում։ «Բնապահպանական կրթությունը պետք է ոչ միայն նպաստի պատասխանատու վարքագծի ձևավորմանն այսօր, այլև պատրաստի քաղաքացիներ, որոնք վաղը կարող են փոխել հասարակության առաջնահերթությունները», – ընդգծեց նա։
Պանելային քննարկման կարևոր հարցերից էր էկոլոգիայի և հոգեբանության փոխհարաբերությունը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ինչպես նաև «ԱՐԱՐ» հիմնադրամի փորձագետ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ շրջակա միջավայրի խնդիրները միայն էկոլոգիական կամ տեխնոլոգիական մարտահրավերներ չեն, այլ նաև հոգեբանական և հասարակական երևույթներ։
«Կլիմայի փոփոխության մասին մենք ստանում ենք միևնույն տեղեկատվությունը, բայց դրա կարևորությունը տարբեր կերպ ենք գնահատում», – ասաց նա՝ ընդգծելով, որ մարդկանց վարքագծի վրա ազդում են ռիսկի ընկալումը, հույզերը, արժեքները, անձնական փորձը և ապագայի ակնկալիքները։
Եզրափակելով քննարկումը՝ սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը շեշտեց, որ բնապահպանական խնդիրները միայն բնական միջավայրի խնդիրներ չեն, այլ կապված են հասարակական արժեքների, ռիսկերի ընկալման, վարքագծի և հանրային մասնակցության հետ։ Նրա խոսքով՝ իրազեկվածությունը բավարար չէ. օրինակ, դեռահասների 78,2%-ը փակում է ջուրը, երբ դրա կարիքը չկա, սակայն կտորե պայուսակ օգտագործում է միայն 18,4%-ը, քանի որ վարքագիծը կախված է ոչ միայն անձնական ցանկությունից, այլև այն պայմաններից, որոնցում մարդը գործում է։
«Բնապահպանական մշակույթը ձևավորվում է այն ժամանակ, երբ գիտելիքը վերածվում է գործողության, անհատական գործողությունը՝ հավաքական մասնակցության, իսկ հանրային մասնակցությունը՝ ինստիտուցիոնալ փոփոխության», – ասաց նա՝ ավելացնելով, որ COP17-ը հնարավորություն է ոչ միայն քննարկելու կենսաբազմազանության պահպանությունը, այլև ամրապնդելու այդ մշակույթը Հայաստանում։
Պանելային քննարկման ուղերձը վերաբերում էր բնապահպանական մշակույթի ձևավորմանը․ առանցքային է ոչ թե լոկ իրազեկվածությունը, այլ հստակ գործողությունները և, ըստ այդմ, տեսանելի արդյունքը։
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: