«Նախկինում ես ասում էի, որ արտահերթ ընտրությունը գործիքներից մեկն է, բայց ԱԺ-ի հետ հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին ես պետք է պատասխանեմ։ Եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածել, որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանում երեկվա հարցուպատասխանի արդյունքները հնարավորություն են ստեղծել գործընթացն առաջ տանելու այնպես, որ ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում ձևավորվի, և նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեմայի վերաբերյալ լրագրողների հետագա հարցերին պատասխանելով էլ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվի քաղաքական պրոցես։ Շատ տարօրինակ բան տեղի կունենա, որ սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, բայց կարող է այս անգամ իշխանությունը ցույց անի։ Մի անգամ այդպիսի բան եղել է 2019 թվի հոկտեմբերին, և ժողովուրդը պահանջի, որ կողմ քվեարկեն, որ թողնեն, որ ինքը որոշում կայացնի։
Եթե այս սցենարն էլ չաշխատի, դա նշանակում է, որ մենք կգնանք արտահերթ ընտրությունների մի պայմաններով, երբ որ 100%-ով երաշխավորված է, որ այսօրվա խորհրդարանի ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի։ Երբ որ 100%-ով կերաշխավորվի, որ այսօրվա խորհրդարանը… այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, և նաև զուգահեռ հանրային ճնշում գեներացված կլինի, այսօրվա ընդդիմադիր խորհրդարանի ընդդիմադիր մասը ոչ միայն հանրային ճնշման, այլև ինքնապահպանման բնազդից ելնելով կողմ կքվեարկի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: