Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին, որն «Իվանների» մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում: Վարչապետը հույս է հայտնել, որ, եթե մի անզգույշ բան է ասվել, կշտկվի, հայտնում է Sputnik Արմենիան:
Առուշանյանը, արձագանքելով Գյումրու օրվա կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հղած շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»:
Լրագրողը Փաշինյանին հարցրել է` արդյոք նա պատրաստվո՞ւմ է պաշտոնից ազատել Առուշանյանին, որի մուտքն արգելվել է Ռուսաստան, և արդյոք մտահոգություն չունի՞, որ իր մուտքը ևս հնարավոր է` սահմանափակվի։
«Դա մի իրավիճակ է, որ պետք է պարզվի ու պարզաբանվի։ Ինչի՞ են, էլի, այդքան Կիկոսի մահը սիրում, չեմ կարողանում հասկանալ. բա որ այսպես կամ այնպես լինի… Դեռևս քաջարի զինվոր Շվեյկն է պատասխանել այդ ժանրի հարցերին, ես այլ պատասխան չունեմ»,– հայտարարել է նա։
Վարչապետը խոստովանել է, որ շատ մանրամասն տեղյակ չէ, թե մասնավորապես ինչ է գրել մարզպետը, սակայն կարծում է, որ մաքսիմալ զգույշ պետք է լինել նման հարցերում։
«Ես կարծում եմ, որ պետք է մաքսիմալ կոռեկտ լինել։ Եթե մի անզգույշ բան է ասվել, ես ցավում եմ ու հույս ունեմ, որ կշտկվի, կկարգավորվի»,– նշել է նա։
Հայաստանում ՌԴ դեսպանատունն ավելի վաղ իր տարակուսանքն է արտահայտել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հնչեցրած որոշ ձևակերպումների առնչությամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը մասնավորապես ուշադրություն է հրավիրել մարզպետի կողմից «Իվանների» հիշատակման վրա՝ նշելով, որ նման արտահայտություններն ակամայից զուգորդվում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների օգտագործած բառապաշարի հետ։
Հարցին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից միանշանակ և համարժեք արձագանք է ակնկալում: Նա Շիրակի մարզպետի բառերը որակել է «նեոնացիստական բնույթի» արտահայտություններ: