«Առաջին հարվածը Գառնիկ Դավթյանը հասցրեց Տարոն Չախոյանին․ պարոն Կարապետյան, պատասխանատուն դուք եք»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրեց կռիվ հրահրելու համար։

«Պարոն Կարապետյան և հարգելի գործընկերներ, ես ընդմիջման ընթացքում նայել եմ բոլոր կադրերը, դիտել եմ ձեր պահվածքի կադրերը, և ծեծկռտուքը, և միջանցքում տեղի ունեցածը։ Եվ պետք է արձանագրեմ հետևյալը՝ պարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ։ Լրիվ նորմալ ելույթ էր ունենում, դուք, պարոն Կարապետյան, չեք տիրապետել ձեր էմոցիաներին, նախ սկսել եք վիրավորել Տարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին։ Դրանից հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, հատուկ նայել եմ՝ առաջին հարվածը հասցրեց Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին։ Եվ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Պարոն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատուն դուք եք։ Դուք եք սկսել այս ամեն ինչը, դուք եք սկսել ծեծկռտուքը»,- ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, որ Ռուբեն Ռուբինյանն էր ստեղծված իրավիճակի մեղավորը՝ Ռուբինյանն ասաց․ «Ասում են՝ Ռուբինյանը ուշ կանչեց անվտանգության աշխատակիցներին։ Հարգելի գործընկերներ, նախ հենց ծեծկռտուքը սկսվել է, ես կանչել եմ անվտանգության աշխատակիցներին։ Երկրորդը, համաձայնեք մի փոքր տարօրինակ է՝ սկսել ծեծկռտուք, հետո ԱԺ նախագահից բողոքել, թե ինչո՞ւ ուշ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Չսկսեիք ծեծկռտուք, որ նման իրավիճակում չհայտնվեիք և ստիպված չլինեիք գալ ինձ դիմել, որպեսզի ես ձեզ ավելի լավ պաշտպանեմ»։

Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Ինձ նաև հայտնել են, որ միջանցքում կրկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները հարձակվել են պատգամավորների վրա։ Պնդում չեմ անում, հանձնարարել եմ, որ ստուգեն։ Եթե հաստատվեց, այդ օգնականներն անմիջապես դուրս են շպրտվելու ԱԺ-ից և իրենց մուտքը արգելվելու է ԱԺ։ Էլ չեմ ասում հետագա այլ հետևանքները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դարձյալ ելույթ ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որն ընդդիմությանը մեղադրեց կռիվ հրահրելու համար։ «Չի ստացվելու կռիվ հրահրել ու առանց ծեծ ուտելու գնալ այստեղից։ Այդ էիք ուզո՞ւմ, սա դաս կլինի ձեզ համար, որ մյուս անգամ չփորձեք խուլիգանական պահվածքով կռիվ հրահրել ԱԺ նիստերի դահլիճում»,- հայտարարեց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment