«Սադրել են, անվտանգության աշխատակիցներին առավելագույն ուժով ներս է կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել Վահագն Ալեքսանյանի վրա, որն իրեն երևի դրել էր Տարզանի տեղը, աթոռը վերցրել, շպրտում էր։ ԱԺ մյուս փոխնախագահի՝ Հայկ Կոնջորյանի վրա, որը ամենաակտիվ մասնակիցներից էր, բայց պետք է կարգի հրավիրեր։ Ու այս ամենը, իհարկե, սադրել է ֆեյքերի գործարանի պետ Տարոն Չախոյանը, որն առաջին ընդհարման ժամանակ, երբ մոտեցա, շատ հանգիստ ասացի՝ պարոն Չախոյան, հետ գնացեք, ինձ հրեց։ Ես սադրանքներին չեմ տրվել, բայց հետո էլի իրեն վատ է պահել, ու այս իրավիճակը եղել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքին։
Նա շեշտեց, որ բուն ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճից դուրս է եղել։
«Չեմ տրվել սադրանքին, իսկ ինքը հայտնի սադրիչ է, քանի ամիս է՝ տեսնում եք»,- հավելեց Վարդանովը։
Պատասխանելով հարցին, թե ում համար էին ԱԺ շտապ օգնություն կանչել՝ Վարդանովը շարունակեց. «Չգիտեմ, բայց մեր կողմից՝ ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին։ Դեմքին լավ հետքեր կան։ Չեմ կարող ասել՝ ինչով են խփել, ընկած տեղը դժվար թե ձեռքով խփեին։ Բայց այն փաստը, որ մարդն ընկած է եղել, ու խփել են, տղա լինելու մասին չի խոսում»։
Անդրադառնալով ՔՊ-ականների բարեվարքության մասին անընդհատ խոսելու հանգամանքին՝ Վարդանովը լրագրողների ուշադրությունը հրավիրեց Տարոն Չախոյանի և Նիկոլ Փաշինյանի բարեվարքության վրա։
«Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է սադրել։ Երբ մեծ-մեծ խոսում է՝ ձեզ այսպես կանենք, այնպես կանենք, հասարակ սադրանք է։ Ինձ համար դա վարչապետին ոչ հարիր պահվածք է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: