Չինաստանի ունևոր քաղաքացիներն ավելի հաճախ են հրաժարվում ազգային անձնագրից՝ օտարերկրյա քաղաքացիություն ստանալու նպատակով։ Այս միտումը նկատվում է օֆշորային կապիտալի նկատմամբ վերահսկողության խստացման ֆոնին, հաղորդում է CNBC-ն։ Այլընտրանքային փաստաթղթերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է հարկերի, աշխարհաքաղաքական անորոշության և միջազգային տեղաշարժի ավելի լայն հնարավորություններ ունենալու ձգտման պատճառով։
Քանի որ Չինաստանի օրենսդրությունը չի ճանաչում երկքաղաքացիությունը, նոր անձնագիր ստանալ ցանկացողները ստիպված են դիմել կտրուկ քայլերի։ Փորձագետները գրանցում են ներդրումային միգրացիայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ․ հուլիսից ի վեր չինացի հաճախորդներից ստացված հարցումների թիվն ավելացել է 33-40%-ով։
Ամենամեծ պահանջարկն ունեն Կարիբյան ավազանի երկրները, որտեղ քաղաքացիության ձևակերպման գործընթացը տևում է մոտ վեց ամիս, ինչպես նաև եվրոպական պետությունները։ Մասնավորապես, Հունգարիան առաջարկում է երկարաժամկետ բնակության թույլտվություն՝ կարգավորվող հիմնադրամներում 250 հազար եվրոյից (համարժեք է 290 հազար դոլարի) սկսվող ներդրումների դիմաց։
«Մենք ունենք հաճախորդներ, որոնք պատրաստ են հրաժարվել Չինաստանի քաղաքացիությունից՝ մի քանի անձնագիր ունենալու համար», – նշել է Arton Capital խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Արման Արթոնը։
Այս միտման խթան են դարձել Պեկինի՝ ընթացիկ տարվա հուլիսին ներդրած նոր կանոնները։ Չինաստանի իշխանությունները սկսել են ավելի խիստ մոտեցում կիրառել օֆշորային թրասթների նկատմամբ՝ որոշակի եկամուտների և գործարքների համար սահմանելով 20% հարկ։ Դա ստիպել է բազմաթիվ ընտանիքների վերանայել արտասահմանյան ակտիվների սեփականության կառուցվածքը։
Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ քաղաքացիության փոփոխությունը չի ազատում նախկինում առաջացած հարկային պարտավորություններից։ Նման քայլի հիմնականում դիմում են այն գործարարները, որոնց հիմնական ակտիվներն արդեն դուրս են բերվել մայրցամաքային Չինաստանից։
Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ հնդիկ ներդրողները սկսել են զանգվածաբար կապիտալը տեղափոխել ԱՄՆ-ի բաժնետոմսեր՝ տարվա սկզբից տեղական Nifty 50 ինդեքսի գրեթե 13% անկման պատճառով։
Օտարերկրյա ներդրողները նույնպես միջոցներ են դուրս բերում Հնդկաստանից։ Հունվարից ի վեր բաժնետոմսերում ուղղակի ներդրումներից կապիտալի արտահոսքը հասել է ռեկորդային 32.5 մլրդ դոլարի։ Դոլարի նկատմամբ ռուփիի թուլացումը ստիպում է քաղաքացիներին դիվերսիֆիկացնել ներդրումները առցանց հարթակների միջոցով, որոնք հասանելիություն են ապահովում ամերիկյան շուկային։