Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն ստիպված է լինելու գործել ոչ թե երկու, ալ միանգամից մի քանի կողմերի շահերի համընկնման և բախման տիրույթներում. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Որպես ազգ և պետություն՝ մենք կարիք ունենք հասկանալու չափազանց կարևոր այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հարավային Կովկասի ճակատագրում 2023թ. Արցախի անկումով և դրան հետևած գործընթացների հետևանքով։

Մեր տարածաշրջանում ավարտվել է վճռորոշ նշանակությամբ Ռուսաստան – պայմանական հավաքական Արևմուտք երկբևեռ աշխարհաքաղաքական խաղը, որի շրջանակներում Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսմղումով պարտվել է ռուսական ռազմաքաղաքական գերակայության քաղաքականությունը, իսկ Արցախի բնակչության էթնիկ զտմամբ նույնարժեք պարտություն է գրանցել լիբերալ արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված ԵՄ քաղաքականությունը։

Տարածաշրջանում տարբեր աստիճանի դերակատարությամբ և մակարդակներում՝ որպես նոր առանձին խաղացողներ, հայտնվել են թրամփյան ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և նախկինում գրեթե ամբողջովին կորցրած պատմական դերակատարությունը նորովի վերագտած Իրանը և Թուրքիան։

Աշխարհաքաղաքական խաղը դարձել է անհամեմատ ավելի բարդ, բազմակողմ և բազմաբևեռ, որտեղ, չնայած վերոնշյալ պարտությանը, Ռուսաստանը և ԵՄ-ը նույնպես պահպանում են նկատելի լծակներ։

Այս ամենը հաշվի առնելով, Հարավային Կովկասի երեք երկրների «հավիտենական խաղաղության» հիման վրա տարածաշրջայնացումը կամ այլ խոսքերով՝ որպես միասնական տարածաշրջան հանդես գալու հնարավորությունը, ինչպես նախկին երկբևեռ խաղում, այդպես էլ այժմ գրեթե հավասար է զրոյի։

Տարբերությունը, սակայն, նախկինի համեմատ՝ հսկայական է, քանզի Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն ստիպված է լինելու գործել ոչ թե երկու, ալ միանգամից մի քանի կողմերի շահերի համընկնման և բախման տիրույթներում։

Եթե մենք սա չսկսենք հասկանալ և չպատրաստվենք նման բարդ պայմաններում լավագույնս գործելուն, ապա անընդհատ լինելու ենք կորուստներ գրանցածի և պարտվածի կարգավիճակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment