Ռուբիոն չեղարկել է եվրոպացիների հետ Ուկրաինայի հարցով հանդիպումը․ FT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին պահին չեղարկել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ հանդիպումը, ուրբաթ՝ փետրվարի 13-ին, հաղորդել է բրիտանական «Financial Times» թերթը՝ հղում անելով աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ Ռուբիոն պետք է մասնակցեր Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Եվրահանձնաժողովի ղեկավարության ներկայացուցիչների հետ Մյունխենում կայանալիք բանակցություններին։

Ամերիկացի մի պաշտոնյա Ռուբիոյի չեղարկումը բացատրել է Մյունխենում «նույն ժամանակ նախատեսված հանդիպումների քանակով»: Թերթի զրուցակից մեկ այլ եվրոպացի պաշտոնյա չեղարկումը անվանել է «խելագարություն»: FT-ի տվյալներով՝ Ռուբիոյի որոշումը, եվրոպացիների կարծիքով, վկայում է «Վաշինգտոնի հետաքրքրության թուլացման» մասին՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ԵՄ ջանքերի նկատմամբ:

Թերթի եվրոպացի զրուցակիցներից մեկը հանդիպումից հետո ասել է, որ առանց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական բանակցությունները «զուրկ են բովանդակությունից»:

Ռուբիոն առանձին հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Մերցի խոսքով՝ քննարկման կենտրոնական թեմաներն են եղել Ուկրաինան և Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների վիճակը։ Ռուբիոն նաև գովաբանել է Գերմանիայի ջանքերը՝ ՆԱՏՕ-ն ամրապնդելու ուղղությամբ, հաղորդել է «Financial Times»-ը։

Leave a comment