«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված սադրանք էր:
«Ազգային ժողովում տեղի ունեցածը մտածված, ծրագրված պրովոկացիա էր, գիտենք՝ ծրագրողն էլ ով է, իրագործողն էլ ով է, գիտենք սմս-ն էլ հավանաբար որտեղից է եկել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ նախագահությունը չպետք է աթոռ նետի՝ նկատի ունենալով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին, ով դահլիճում լարված իրավիճակի ժամանակ աթոռ էր վերցրել ու նետել պատգամավորների ուղղությամբ։
Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վովա Հակոբյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած բախման պատճառը ոչ թե Տարոն Չախոյանի, այլ ընդդիմադիր պատգամավորների գործողություններն են եղել, հայտնում է Aysor.am-ը:
«Ոչ մի վիրավորական արտահայտություն չի հնչել, հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցողի վրա, հարվածում են։ Երբ մեզ հարվածում են, ծեծ են ուտում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ ներկայացուցիչը։
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյոք ընդունելի է, որ Ազգային ժողովի՝ ՔՊ-ն ներկայացնող փոխնախագահը աթոռ է նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։
Ի պատասխան՝ Հակոբյանը հայտարարել է. «Մեզ հարվածել են, եթե մեզ հարվածեցին, նորից ծեծ են ուտելու, մեզ փորձում էին փայտով ծեծել, աթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու»։
ԱԺ-ում շեշկռտուքից հետո լրագրողները նկատել և արձանագրել են, որ Ազգային ժողովի բակ է ժամանել շտապօգնության մեքենա։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը ասել է, որ բրիգադը ոչ մի քաղաքացու, ոչ մի տուժածի բուժօգնություն չի ցուցաբերել, հայտնում է Panorama.am-ը:
«Այսօր ժամը 10։51-ին գրանցվել է կանչ, այն անմիջապես փոխանցվել է բրիգադին, բրիգադն անմիջապես մեկնել է։ Ճանապարհին զանգ է ստացել, որ կանչից հրաժարվում են։ Այսինքն բրիգադը ոչ մի քաղաքացու, ոչ մի տուժածի բուժօգնություն չի ցուցաբերել։ Ինֆորմաս, արդյոք տուժածներ կա՞ն, թե՞ ոչ, չունենք։ Ենթադրվում է, որ չկան»,-ասել է նա:
Հրապարակված տեսանյութերում նկատելի են պատգամավորներ, որոնց դեմքերը հարվածների հետևանքով կարմրել են։ Կադրերում երևում է նաև, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն է հոսում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետում ընդդիմադիրների ուղղությամբ: