Ազգային ժողովի լիագումար նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին և իշխանական պատգամավորների հայտարարություններին։
Հարությունյանը պնդեց, որ իշխանական ուժերն իրենք են հրահրում սադրանքները, սակայն հետո խոսում դրանց դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
«Այն ուժերը, ովքեր հրահրում են սադրանք, խոսում են սադրանքների դեմ պայքարի մասին։ Այն ուժերը, որոնք ունեն հսկայական ֆեյքաֆաբրիկաներ ու իրենք էլ ֆեյքից ոչնչով չեն տարբերվում, խոսում են ֆեյքերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա։
Նա նաև հակադարձեց այն հայտարարություններին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է հրահրել ծեծկռտուքը և հետո հեռացել դահլիճից։
«Այ ինչպես այս վերջին ութ տարին, հիմա ևս կանգնում են Ազգային ժողովի ամբիոնի մոտ ու փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր «Ուժեղ Հայաստանը» հրահրեց ծեծկռտուք, հետո ծեծ կերավ, դահլիճից փախավ։ Հլը մի հատ նայեք՝ մեր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի։ Եթե դուք գտնում եք, որ մենք սադրեցինք ու հետո փախանք, չարաչար սխալվում եք»,- հայտարարեց Հարությունյանը։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ, իր գնահատմամբ, իշխանական մեծամասնության թվային առավելությունը չի կարող ստիպել իրենց հետ քաշվել։
««Ուժեղ Հայաստան» խմբակցությանը ոչ մի ձև չեք կարող սպառնալ, չեք կարող վախեցնել։ Սա այն կռիվը չի, որ դուք թվով մի քանի հոգի շատ եք, մտածում եք՝ մենք կարող է հետ քաշվենք․ չկա՛ այդպիսի բան»,- ասաց նա։
Ելույթի ավարտին, չնայած դահլիճից հնչող արձագանքներին և ընդհատումներին, Հարությունյանը կոչ արեց վերադառնալ օրակարգային հարցերի քննարկմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան