Եվրոպական երկրները վնաս են հասցնում սեփական տնտեսությանը՝ հրաժարվելով ռուսական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի գնահատմամբ՝ եվրոպական երկրների վարած էներգետիկ քաղաքականությունն առաջին հերթին վնասում է հենց իրենց։ Պեսկովը նշել է, որ հրաժարվելով ռուսական գազից՝ Եվրոպան «կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է»։
Հոկտեմբերի 27-ին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր չէ վերսկսել ռուսական գազի գնումները նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին։ Միևնույն ժամանակ, Յորգենսենը խոստովանել էր, որ Եվրոպան շարունակում է խոցելի մնալ վառելիքի ներմուծումից կախվածության և համաշխարհային շուկաների անկայունության պատճառով։