Բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները COP17-ի ընթացքում շարունակվում են. «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնություն

Չնայած միջազգային կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություններին՝ բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները COP17-ի ընթացքում շարունակվում են

Չնայած COP17-ի ընթացքում բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություններին՝ շարունակվում են ահաբեկման և հսկողության մասին հաղորդումները։ «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնությունը և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների բոլոր դրսևորումները և հարգել նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Խնդրին անդրադարձել է նաև միջազգային իրավապաշտպան Front Line Defenders կազմակերպությունը՝ 2026 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակած հրատապ կոչում։ Կազմակերպության կոչը վերաբերում է COP17-ի ընթացքում «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնության կին բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ կիրառված սահմանափակումներին, ինչպես նաև ահաբեկման մասին հաղորդումներին։

Front Line Defenders-ը Դուբլինում 2001 թվականին հիմնադրված միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդու իրավունքների պաշտպաններին։

Հրատապ կոչի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին ոստիկանները թույլ չեն տվել խաղաղ ակցիայի մասնակիցներին ցուցապաստառներ պարզել COP17-ի Կանաչ գոտու մուտքի մոտ և պահանջել են տեղափոխվել ավելի քիչ տեսանելի տարածք։ Կազմակերպիչները հայտնել են նաև ցուցապաստառներն ու լուսանկարները վերցնելու կամ ոչնչացնելու սպառնալիքների մասին, այդ թվում՝ երեխաների ձեռքում եղած նյութերի վերաբերյալ։

Հոկտեմբերի 21-ին նախաձեռնության անդամները հաղորդել են իրավապահ և անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից ուժեղացված հսկողության մասին։

Հետագա միջադեպերի մասին հաղորդումներ են ստացվել նաև հոկտեմբերի 25-ին և 28-ին։

Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ մոտավորապես ժամը 22։00-ին, տուն վերադառնալիս Նարե Արամյանը և «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնության երեք անդամներ Արամյանի մեքենան գտել են ոստիկանների և քաղաքացիական հագուստով այլ իրավապահների շրջապատման մեջ։ Մեքենայի նկատմամբ դրսևորվող ուշադրությունը, ըստ հաղորդման, պայմանավորված էր բացառապես դրա ներսում գտնվող պաստառների առկայությամբ։ Այս միջադեպը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում այն առնչությամբ, որ նախաձեռնության անդամների նկատմամբ հսկողությունը տարածվում է նաև COP17-ի պաշտոնական միջոցառումներից դուրս՝ նրանց անձնական ժամանակի ընթացքում։

2026 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, մեծ թվով ոստիկաններ հսկողություն են իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ արցախցիների կազմակերպած մշակութային միջոցառման ընթացքում։ Ոստիկանները խիտ շարքով կանգնել են աստիճանների դիմաց՝ ըստ էության փորձելով կանխել մասնակիցների մուտքը Կանաչ գոտի, թեև նրանք նման մտադրություն չէին հայտնել։ Հավաքի նպատակն էր միջազգային հանրության և Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդը՝ արցախցիները, զրկված է իր բնական միջավայրում ապրելու իրավունքից։

Նույն օրը COP17-ի Կանաչ գոտում անցկացվող միջոցառումներից մեկի ժամանակ բնապահպան Լևոն Գալստյանը, հարց տալու նպատակով վերցնելով խոսափողը, բախվել է երկու ոստիկանի միջամտությանը։ Նրանք պահանջել են նրանից հանձնել խոսափողը՝ փորձելով խոչընդոտել նրա խոսքը։ Ոստիկանները հետ են քաշվել միայն այն բանից հետո, երբ միջոցառման մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել։

Front Line Defenders-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումն ու ահաբեկումը, ապահովել նրանց անվտանգությունը և երաշխավորել արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների և որոշումների կայացման գործընթացներին բովանդակալից մասնակցության իրավունքները։

Հայաստանի Հանրապետությունում միջազգային կենսաբազմազանության համաժողովի անցկացումը պետության վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ ապահովելու բնապահպանական հարցերի շուրջ խաղաղ մասնակցության հնարավորությունը։ Այս համատեքստում բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ հաղորդված սահմանափակումներն ու ահաբեկման դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Հաշվի առնելով, որ բնապահպանների նկատմամբ ճնշումները շարունակվում են՝ «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնությունը և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են անում Հայաստանի իշխանություններին հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին, հարգել բնապահպան իրավապաշտպանների իրավունքներն ու ազատությունները և դադարեցնել նրանց նկատմամբ ճնշումների, հետապնդումների ու ահաբեկման բոլոր դրսևորումները։

Հայտարարությունը բաց է այլ կազմակերպությունների միանալու համար։

Front Line Defenders-ի հրատապ կոչն՝ այստեղ:

Հրատապ կոչի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment