TRIPP-ի շինարարությունը հնարավորինս արագ կսկսվի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ․ ԱԳ փոխնախարար

Ամերիկյան գործընկերների հետ պայմանավորվածություն ունենք հնարավորինս արագացնել TRIPP-ի գործընթացը, որպեսզի շինարարական աշխատանքները մեկնարկեն այս տարի։ Այս մասին Հայկական ժամանակին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայտարարվեցին հավելյալ ֆինանսական ներդրումների մասին, որոնք կիրականացվեն նախագծի մեջ։ Մենք շարունակում ենք աշխատանքները Միացյալ Նահանգների գործընկերների հետ, որպեսզի այս փաստաթղթերին տանք միջկառավարական համաձայնագրի ուժ»,- ասաց Կոստանյանը։

Փոխնախարարը վստահեցնում է, որ իրանցի գործընկերները TRIPP նախագծի հետ կապված «ոչ մի անհանգստանալու բան չունեն»։ Նա շեշտում է, որ հայկական կողմը մշտապես կոմունիկացնում և տեղեկացնում է Թեհրանին բոլոր զարգացումների մասին։

«Մենք կոմունիկացնում ենք մշտապես բոլոր զարգացումների մասին մեր գործընկերներին, այդ թվում՝ իրանցի գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների շահերի կամ Հայաստանի Հանրապետության շահերի մասին բոլոր գործընկերներին, ովքեր կոնսպիրոլոգիաների հետ մեծ սեր ունեն, ընդամենը խորհուրդ կտայի կարդալ այն, ինչ գրված է հունվարի 13-ի հայտարարության մեջ, սևով սպիտակի վրա»,- ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Կոստանյանը ասաց, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում սառեցված է, և վերադարձն այդ կառույց շատ դժվար է պատկերացնել․ «Հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի որոշումներ կկայացվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ»։

«Աննախադեպ դինամիկա»,- այսպես է բնութագրել Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն և Արևմուտք համագործակցությանը։

«Այն զարգացումները, որոնք 2025 թվականին տեղի ունեցան այս հարաբերություններում, կարծում եմ, իրենց դինամիկայով աննախադեպ էին, և 2026-ը խոստանում է էլ ավելի մեծ ձեռքբերումներ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Արդեն իսկ նախանշված միջոցառումները, որոնք կան մեր օրակարգում, խոսում են դրա մասին։ Մասնավորապես, մայիսին մենք կունենանք Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովը Հայաստանում»,- ասաց Կոստանյանը։

The post TRIPP-ի շինարարությունը հնարավորինս արագ կսկսվի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ․ ԱԳ փոխնախարար appeared first on CIVILNET.

Leave a comment