Ուկրաինական գործարք

Նախորդ պատումն՝ այստեղ:

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք»

«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։

Օրվա վերջն էր։ Այդ պահը, երբ դուռը փակելիս մարդը վստահ է՝ աշխատանքային օրն արդեն հետեւում է մնացել։ Բայց ոչ դետեկտիվի դեպքում …

-Կներեք, պարոն Գաբրիելյան, կարո՞ղ եմ մի քանի րոպեով. լսեցի միջանցքից:

Դետեկտիվի գործն ունի մի պարզ կանոն. եթե մարդը գալիս է առանց զանգելու, ուրեմն խնդիրը սպասել չի կարող։

Հրավիրեցի ներս: Ուկրաինայից մեր հայրենակիցն էր, անունը Արամ։ Բավականին լարված էր: Խնդրեց թույլտվություն ծխելու համար: Ես վաղուց թողել եմ ծխելը եւ իմ գրասենյակում չեն ծխում, բայց բացառություններ լինում են: Սա հենց այդ դեպքն էր: Օգտագործեցի իմ վաղեմի հնարքը՝ դետեկտիվի պատրաստած սուրճ եւ հայկական հին կոնյակ: Նման դեպքերում շատ արդյունավետ միջոց՝ լարումը թուլացնելու համար: Կոնյակը լցրեցի։ Արամը մի շնչով դատարկեց գավաթն ու վառեց սիգարետը.

Երեւանից էր: 1990 ականներին մեկնել էր Ուկրաինա բարձրագույն կրթություն ստանալու համար: Ինստիտուտն ավարտելուց հետո մնացել էր այնտեղ: Չէր ամուսնացել: Իրեն նվիրել էր բիզնեսին: Տարիների ընթացքում ստեղծել էր լուրջ բիզնեսներ, ուներ բաժնեմասեր ուկրաինական ու միջազգային հայտնի ընկերություններում։ Բայց իր համար ամենաթանկը երեսուն տարվա ընկերոջ հետ հիմնադրած կազմակերպությունն էր: Շատ հաջողված բիզնես, որն ուներ մասնաճյուղեր Ուկրաինայի տարբեր քաղաքներում։

Ռուբենի հետ ընկերներ են ուսանողական տարիներից։ Միասին են ապրել աղքատությունն ու հաջողությունը։ Այդպիսի հարաբերությունները մարդկանց դարձնում են անբաժանելի ու շատ հավատարիմ։

Վերջին ամիսներին սկսվել էին տարօրինակ իրավիճակներ։ Անանուն նամակներ ուղղված տարբեր պետական գերատեսչություններ, Հարկային ու մաքսային տոտալ ստուգումներ։ Դատական վարույթներ։ Ճնշումներ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից։ Այդ ամբողջ թնջուկում նրանք մշտապես միասին են՝ ինքն ու Ռուբենը, որպես «ընկեր», «փրկիչ», «խորհրդատու»։

-Ռուբենն առաջարկում է, որ երկուսով վաճառենք կազմակերպությունը։ Ասում է՝ պատերազմ է, ճնշումներ կան, ավելի լավ է փակենք հարցը, փողը վերցնենք ու հեռանանք։

Ես չհարցրեցի «ինչու»։ Այդ հարցն այստեղ անիմաստ էր։ Դետեկտիվի լոգիկան հուշում է, եթե մարդը քեզ առաջարկում է միասին վաճառել մի բան, նշանակում է՝ գնորդն արդեն կա։ Մնում է պարզել, թե որ կողմից է փչում քամին…

Արամի հետ երկար քննարկեցինք դետալները, որ խնդիրը երբ է ծագել , ինչ են պահանջում: Նա ասում էր՝ ուղիղ որեւէ պահանջ չկա: Բայց բիզնեսմենի իր փորձառությունը հուշում է, որ որոշակի շրջանակներ չեն ցանկանում իրենց ներկայությունը: Նա զգում էր, որ այդ շրջանակները ցանկանում են տիրանալ իրենց բիզնեսին: Փորձեցի կապ հաստատել կոլեգաներիս հետ Կիեւում, չէր ստացվում:

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել էր։ Կիեւը ապրում էր սահմանափակ կյանքով, համացանցը` խափանումներով, էլ. Էներգիան` ընդհատումներով։

Որոշեցի Արամի հետ մեկնել Մոլդովա՝ Քիշնեւ։ Այդ քաղաքն ամենամոտն էր Ուկրաինային եւ հարմար էր դառնալու մեր օպերատիվ կեցավայրը։

Առավոտյան գնացքով ժամանեցին եւ մեզ միացան Կիեւից գործընկերներս, մասնավոր դետեկտիվներ՝ Ելենան ու Ռուսլանը։ Պատմեցինք նրանց ողջ եղելությունը՝ մանրամասներով: Խնդրեցի անել հնարավորն ու անհնարը, որպեսզի այս գորդյան հանգույցը քանդվի մինչեւ վերջին թելը: Գծեցինք հետաքննության ողջ սխեման, գործողությունների հաջորդականությունը:

Ռուսլանի հետ մի պահ առանձնանալով՝ հանձնարարեցի Ռուբենի նկատմամբ իր թիմով սահմանել շուրջօրյա անլուր դիտարկում եւ ֆիքսել նրա յուրաքանչյուր քայլը, հնարավորության դեպքում տեսագրել ու լուսանկարել։ Ուկրաինայի օրենսդրությամբ դա կարող են անել մասնավոր դետեկտիվներն իրենց լիցենզիայի շրջանակներում:

Այդ ամենն անում էինք Արամից ծածուկ։

Մենք կասկածի տակ էինք դնում նրա 30 տարվա ընկերոջը՝ իմանալով, որ դա կարող էր խոր վիրավորել նրան: Բայց բժիշկը, վիրահատության ժամանակ տեսնելով վնասված օրգանը, միանձնյա որոշում է հեռացնել այն՝ իր ողջ պատասխանատվությամբ, առանց պացիենտից հարցնելու:

Դետեկտիվները նույնպես այդպես են գործում՝ կտրելով կասկածելի թելերը, չնայած ցավին:

Երբ պատվիրատուն չափից շատ է տիրապետում քննության ընթացքի մանրամասներին, նա սկսում է խառնվել, սխալվել՝ խաթարելով ամբողջ գործը: Մեզ սխալներ պետք չեն: Իսկ Ելենան անցավ թվային ուղղությամբ հետաքննությանը։ Այնտեղ, որտեղ մարդիկ կարծում են, թե ջնջելով հաղորդագրությունը՝ ջնջում են հետքը, Ելենայի նման բացառիկ պրոֆեսիոնալ կիբեռդետեկտիվի աչքից ոչինչ չի վրիպում:

Չորս օր անց Ռուսլանը վերադարձավ Քիշնեւ Ռուբենի դիտարկման արդյունքով։ Նա չշտապեց խոսել։ Ես հասկացա, սպասում էր իմ հրահանգին Արամի մոտ խոսելու համար։ Ես նշան արեցի, որ կարող է:

-Ռուբենն այս 4 օրերին ամեն օր գրեթե նույն ժամերին այցելում էր «Հին Կիեւ» ռեստորան։ Բայց նա ներս չէր մտնում գլխավոր մուտքով,- սկսեց պատմել Ռուսլանը։ Ու միացրեց նոթբուկի վրա տեսանյութը:

Ես բարձրացրի հայացքս։

-Միշտ հետնամուտքով ու շատ գաղտագողի։ Երբեմն սպասում էր մեքենայում, մինչեւ տարածքը դատարկ լիներ։

Այդ պահից պատմությունն այլեւս կասկածի մասին չէր։ Ռեստորան են մտնում գլխավոր մուտքով՝ համեղ սնվելու եւ միջվայրը վայելելու համար:

Մարդը, ով ռեստորան է մտնում հետնամուտքով, արդեն գիտի՝ ինչ է անում։

Հետնամուտքով մտնում են գործարքների։

-Եվ նա այնտեղ միայնակ չէր,- ավելացրեց Ռուսլանը։ Նրա գալուց մի քանի րոպե առաջ գալիս էր ռեստորանի սեփականատերը:

Ես հարցական նայեցի Արամին ու հարցրեցի այդ ռեստորանի մասին։

Նա մի պահ կարծես կտրված էր ու չէր լսում, երկրորդ հարցիցս հետո նրա արձագանքը նման էր պայթյունի…

-Բոգդան…ասաց նա ու հայհոյեց այնպես, ինչպես հայհոյում են ամենավերջին սրիկային։ Այդ մարդը ռեստորանատեր չէ։ Նա ամենավերջին սրիկան է։ Նա հոշոտում է բիզնեսներն իր մեթոդներով, չունի սրբություն:

Այստեղ պատկերը սկսեց ամբողջանալ։ Բոգդանը Կիեւում հայտնի էր ոչ թե իր ռեստորանի ճաշացանկով, այլ` խլած բիզնեսներով։ Նրա մեթոդը պարզ էր՝ ճնշում, վախի մթնոլորտ, անանուն նամակների հիման վրա ստուգումներ, եւ վերջում՝ առաջարկ. «կամ վաճառիր, կամ կկորցնես ամեն ինչ»։

Սակայն նման դեպքերում տեղին է նաեւ հայկական ասույթը՝ գողը տնից չլինի, եզը երդիկով չեն կարող հանել:

Ելենան նայեց ինձ։ Նա արդեն իր թվային հետաքննության հատվածն ուներ։

-Ռուբենը խաղամոլ է։ Ծանր փուլում։ Օնլայն Կազինոների հավատարիմ հաճախորդ է։ Ունի կուտակած շատ մեծ պարտքեր։

Այդ պահին ամեն ինչ հասկանալի դարձավ։ Սա դավաճանություն չէր միայն։ Սա խաղամոլությունից կախվածության հետեւանք էր։ Բայց կախվածությունը որեւէ կերպ չի արդարացնում 30 տարվա ընկերոջ հանդեպ դավաճանությունը։

Ռուբենը վարել էր երկակի կյանք: Նա զգալի պարտքերի մեջ էր։ Պարտք էր նաեւ Բոգդանին: Իսկ Բոգդանի նման գիշատիչի համար դա ուղղակի նվեր էր: Նա Ռուբենին առաջարկել էր իր «ստանդարտ լուծումը»։ Ճնշում կազմակերպության վրա, հետո առաջարկ՝ «երկուսով վաճառենք»։ Վաճառքից հետո պարտքերը փակվում են, իսկ ընկերությունը անցնում է իրեն։

Միայն մի բան չէին հաշվել. մասնավոր դետեկտիվներին։

Ելենան գտավ թվային կապը։ OSINT գործիքակազմի եւ այլ տեղեկատվական աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրմամբ նա վերականգնեց բարդացված հաղորդակցական սխեմաները. միջնորդավորված կապեր Telegram խմբերում, թաքնված հաղորդագրություններ, օգտատերերի անունների փոփոխվող տարբերակներ, որոնք նախատեսված էին նույնականացումից խուսափելու համար։

Ուղիղ շփում չկար։ Կապը կառուցված էր այնպես, որ յուրաքանչյուր շղթա կտրվեր մեկ քայլ առաջ։

Ֆինանսական շարժերը վերլուծվեցին եւ բացահայտվեց նույն աղբյուրից դուրս եկող եւ նույն ուղղությամբ կրկնվող փոխանցումներ։

Տվյալների համադրումը ցույց տվեց համակարգված գործողությունների առկայություն։

Պատահականությունների տեղ չմնաց։ Փաստերը բավարար էին։

Ավելին՝ բավարար էին ոչ թե ենթադրությունների, այլ որոշումների համար։

Արամն առանձնացավ ու հյուրանոցի պատուհանից դուրս էր նայում ու ծխում: Սիգարետը սիգարետի հետեւից:

Մենք դետեկտիվներով անձայն նայեցինք իրար։ Ուսերի ցնցումն ասում էր ամեն բան:

Փլվել էր 30 տարվա ընկերության հավերժական թվացող անխորտակելի ամրոցը: Արամի համար ամեն բան պարզ էր: Նրա համաձայնությամբ ուկրաինացի գործընկերներս նյութերը փոխանցեցին իրավապահ մարմիններին ու համատեղ իրականացվեց գործողություն։ Ռուբենն ու Բոգդանը ձերբակալվեցին զեղծարար սխեմաներ կազմակերպելու, ռեյդերական հարձակում իրականացնելու համար։ Խաղամոլն ու ռեյդերը հայտնվեցին նույն բանտում։ Յուրաքանչյուրն՝ իր ընտրության հետեւանքով։

Կազմակերպությունն ամբողջությամբ անցավ Արամին։ Իրական սեփականատիրոջը։

Մի քանի օր անց մենք նստած էինք Քիշնեւի լավագույն ռեստորանում՝ «ԼԱ ՍԱՐԳԻՍ»-ում։ Սեղանն առատ էր հայկական ուտեստներով։ Սեղանի շուրջը՝ ես, Արամը, Ելենան ու Ռուսլանը։ Մեզ հյուրընկալում էր ռեստորանի սեփականատերը՝ Սարգիսը։ Իմ հին բարեկամը։ Մարդ, ով գիտի՝ ինչ է նշանակում արժանապատիվ բիզնես վարելն ու ընկերությունը:

Այդ երեկո ավելի շատ խոսեցինք հայերի ու Հայաստանի մասին: Գործից ոչինչ:

Արամը լուռ բարձրացրեց բաժակը։

-Ամենավտանգավոր թշնամին նա չէ, ով քեզ սպառնում է, – ասաց նա,- այլ նա, ով նման է քո հացն ուտող, թշնամուդ դռանը հաչացող շանը։

Ես միայն ավելացրի.

-Խաղամոլությունը միշտ ավարտվում է նույն կերպ. մարդը դադարում է խաղալ փողի հետ եւ սկսում է խաղալ մարդկանց ճակատագրերով։

Դետեկտիվի համար սա պարզապես հերթական հաջողված հետաքննություն էր՝ իր սկզբով ու ավարտով, փաստերով ու հետեւանքներով։

Արամի համար՝ սահման, որից հետո աշխարհը այլեւս նույնը չէր։ Որովհետեւ կան ճշմարտություններ, որոնք չեն փոխում անցյալը, բայց հենց դրանք են բացահայտում, թե իրականում ինչ է եղել 30 տարվա ընկերության գինը։

Եվ այդ գինը հաճախ վճարվում է ոչ թե թվերով, այլ` մարդկանցով։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment