Խառը ծեծկռտուք ԱԺ-ում․ իրավիճակը լարվեց ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ

ՔՊ–ական Տարոն Չախոյանն այսօր ԱԺ–ում ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական»։ Դրանից հետո Չախոյանն անցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հայտարարելով, թե ինքը մեղավոր չէ, որ նրա ամբողջ ընտանիքը քաղաքականությամբ է զբաղվում։

«Պարո՛ն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ Ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ հորեղբայրը, հայրը… Հորեղբոր որդին շատ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, անգամ նախարարություն էր պատրաստվում բացել մեր երկրում, մի նախարարություն, որն իր ձևակերպմամբ՝ պետք է բավարարեր բոլոր կանանց, ու մինչև էսօր էլ ներողություն չի խնդրել կանանցից դրա համար»,- հայտարարեց Չախոյանը։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց տեղից, որից հետո Չախոյանը բղավեց՝ «Արան ոտից գլուխ դո՛ւ ես», ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։

«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ-ում կրքերն այդպես էլ չհանդարտվեցին, ու բանը հասավ բռունցքների և ոտքերի, ՔՊ-ական պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։

ԱԺ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացրին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Sputnik Արմենիա

Leave a comment