Միրզոյան. Եթե հաստատվի՝ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է դեպի խաղաղություն, գալի՞ս եք գնանք հանրաքվեի

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ,անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին Ադրբեջանի վերջին նախապայմանն է, ընդդիմությանն առաջարկել է աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարող ենք գնալ դրան։ Եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որը պակասում է մեզ խաղաղության համար՝ վերջինը, գալի՞ս եք՝ գնանք դրան։ Մտածեք, ասեք»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

ԱԳՄԱ նախարարին հարց ուղղել ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ մի կողմից ասվում է, որ խաղաղությունը գետնի վրա կա, արդեն առևտրաշրջանառությունը կա, բա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկա խաղաղության պայմանագիրը։

«Ուզո՞ւմ եք պայմանագիր։ Այն տեքստը, որը գրված, նախաստորագրված է, վերաբանակցել չե՞ք ուզում։ Սա շատ կարևոր պատմական արձանագրում է։ Ընդդիմադիր ֆրակցիան համարում է, որ նախաստորագրված պայմանագրի տեքստը բանակցելու, վերաբանակցելու կարիք չկա, նորմալ է և պետք է ստորագրել։

Հիմա՝ ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել։ Հիմա մյուս բանն եմ ասում։ Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է՝ համաժողովրդական քվեարկությունը։ Մնացածը չի անցնում՝ ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, ինձ փորձել են սպանել, կաշառել փորձում են մինչև հիմա և այլն։ Ֆիքսե՞նք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևն ընտրություններն են։ Հետևաբար ձեզ պետք կլինի, որ օր առաջ գնանք ժողովրդի մոտ՝ էլի համաժողովրդական քվեարկության, չէ՞։ Նորից եմ անում քաղաքական առաջարկ՝ եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ հենց այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի, գնանք, դա ձեզ համար առիթ է, մեզ ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք։ Վա՞տ բան եմ ասում։ Սիրելի՛ ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող լինի», – ասել է Միրզոյանը։

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասարակությանը ներկայացվելիք փաստաթուղթը վերջնական չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, և կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան և իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է:

«Կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել: Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է: Ինձ համար խնդիր է, որ ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցում»,-ասել է նա:

Leave a comment